26/04/2017 11:45
Մինչև 2050 թվականը Հայաստանում կարող էր չծնվել ավելի քան 80 հազար աղջիկ
«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն ամփոփում է 2015-2017 թվականններին իրականցրած աշխատանքները:
«Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ այս տարիների յուրաքանչյուր օր կյանք է պարգևել մի աղջկա: Ծրագրի իրականացման արդյունքում ավելի քան հազար աղջիկ երեխա է լույս աշխարհ եկել, այն աղջիկները, որոնք հավանաբար չէին ծնվելու», - «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ամփոփիչ համաժողովի ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը։
Նա հիշեցրեց, որ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետազոտության տվյալների համաձայն, առանց այս արատավոր երևույթի կանխարգելման՝ մինչև 2050 թվականը, Հայաստանում չէր ծնվելու ավելի 80 հազար երեխա միայն այն պատճառով, որ նորածինն աղջիկ էր լինելու:
««Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի (ՄԶՄԿ) «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն»-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն»-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ հնարավորություն ունեցանք մշակելու և իրականություն դարձնելու այն հարթակը, որը երեխայի սեռի խտրականության դեմ պայքարում համատեղեց պետական հասարակական և միջազգային գործընկերներին, կրոնական կազմակերպություններին, համայնքային գործիչներին ու բազմաթիվ մտահոգ մարդկանց», - նշեց Ա. Գալստյանը:
Նա ընդգծեց, որ 2017 թվականին հրապարակված պաշտոնական վիճակագրության տվյալներով նորածինների սեռերի համամասնության շեղումը, 2011 թվականի համեմատ, կրճատվել է ավելի քան 40 տոկոսով։
«Միևնույն ժամանակ, 2017 թվականին իրականացված տնային տնտեսությունների քանակական և որակական հետազոտություններում նշանակալի դրական փոփոխություններ են արձանագրում նաև հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և վարքագծի մեջ, որը նույնպես կազմում է շուրջ 40 տոկոս», - ասաց նա։
Ա. Գալստյանի խոսքով՝ հետազոտությունը փաստում է, որ սեռի խտրական ընտրության վրա հիմնական ազդող գործոններից մեկը սոցիալական միջավայրն է, դրանում առկա գենդերային կարծրատիպերը։
Նա նշեց, որ երկրում այս ընթացքում ծավալվել է աննախադեպ քարոզարշավ. «Հանրապետության մարզերի 22 քաղաքային համայանքներում և Երևանի 3 վարչական շրջաններում ձևավորվեցին քաղաքացիական ակտիվ խմբեր, ավելիի քան 660 ակտիվիստների ջանքերով իրականացվեցին 850 հանդիպում և քննարկում համայնքների 10 հազար բնակիչների մասնակցությամբ», -ասաց Ա. Գալստյանը։