26/04/2017 12:30
Նստեք ձեր տեղը, ձեզ ձայն չեմ տվել. ՍԴ նախագահը՝ Տիգրան Եգորյանին (Լուսանկարներ)
Սահմանադրական դատարանում շարունակվում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը։ Դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքները։
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ասելով, որ ապրիլի 2-ին վերջինս զանգել է գլխավոր դատախազին և ասել, որ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի, մինչդեռ մինչ օրս դատախազություն ոչ մի փաստ չի ներկայացվել:
«Պատճառը ձեր համակարգի հանդեպ ունեցած անվստահությունն է, որ մենք ունենք ձեր համակարգի նկատմամբ: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ մենք փորձեցինք դատախազության հետ համագործակցել, բայց տեսանք դատախզությունը և իրավապահ մարմինները Հանրապետական կուսակցության հրամաններն են կատարում և պարտակում հանցագործությունները», - ասաց Լ.Զուրաբյանը:
Կ.Բիշարյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ հանցագործության մասին ՀԱԿ ներկայացրած գրավոր դիմումին սահմանված կարգով ընթացաքակարգ է տրվել:
«Դուք ուշադիր չէիք իմ պատասխանին: Ես չասացի, որ սահամանված կարգոց ընթացք չի տրվել: Դատախազությունն ու դատարանները պարտակեցին այն դեպքերը, որոնք կատարվել էին Սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Մենք բերեցինք փաստեր, որոնք անհերքելիորեն ընտրակեղծարարության հետ կապված ծանր հանցագործություններ էին բացահայտում, բայց ոչ մի ընտրակեղծարար չպատժվեց՝ համաձայն մեր օրենսդրության», - ասաց Լ.Զուրաբյանը:
Դրանից հետո Կոնգրես-ՀԺԿ դաշինքի շահերը դատարանում ներկայացնող Տիգրան Եգորյանը փորձեց լրացնել Լ.Զուրաբյանի պատասխանը, ինչը զայրացրեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին։
«Նստեք ձեր տեղը, ձեզ ձայն չեմ տվել», - ասաց նա՝ դիմելով Եգորյանին, ապա հավելեց, որ վերջինս կարող է ամբիոնին մոտենալ և հայտարարություն անել միայն, երբ Լևոն Զուրաբյանը կպնդի, որ իր պատասխանը լրացնելու կարիք կա:
Շարունակելով Լևոն Զուրաբյանը պնդեց, որ դատախազությունն անգործության է մատնված՝ օրինակ բերելով դպրոցի տնօրենների ձայնագրությունները, որոնց բացահայտման ուղղությամբ պատշաճ քննություն չի տարվել: Զուրաբյանի այս հայտարարությունը զայրացրեց Բիշարյանին.
«Դուք գնահատական տալու իրավունք չունեք, ընդհամենը հարցիս պատասխանեք», - արձագանքեց նա:
Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը նկատողություն արեց կողմերին՝ պնդելով, որ վերջիններս պատասխանեն կոնկրետ հարցերի:
«Նորից եմ ձեզ զգուշացնում, մի փորձեք հարցադրումն օգտագործել որոշակի տեսակետ արտահայտելու համար: Հստակեցրեք հարցը, ինչ եք ուզում պարզել, տվեք հարցը և առանց մեկնաբանությունների սպասեք պատասխանին», - ասաց նա: