26/04/2017 10:14
Վահե Հովհաննիսյան. Հայաստանում փոփոխություններ հնարավոր են միայն վերևից. «Առավոտ»
«Առավոտ»-ը հրապարակել է պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որում, մասնավորապես, գրված է. «Այս ընտրությունների ամենակարևոր հետևությունն այն է, որ Հայաստանում փոփոխություններ հնարավոր են միայն վերևից: Ներքևից փոփոխությունների հնարավորությունը, ցավոք, այլևս սպառված է: Փոփոխությունը, իհարկե, պահանջում է լավ մենեջմենթ, բայց դա բավարար չէ:
Խորքային փոփոխությունների համար հասարակության ձգտումը և հասարակության փոփոխության պոտենցիալը չափազանց կարևոր են: Պետություններին զարգացման թռիչքի, վերելքի տանում է վերնախավը՝ հասարակության առողջ պոտենցիալի անընդհատ կուտակման ու մեծացման ճանապարհով: Անհնար է, որ անձայնների և անդեմների օգտին քվեարկած ժողովուրդը խորքային փոփոխությունների պատվեր ձևակերպի:
Բայց դա ժողովրդի մեղքը չէ: 25 տարվա պետականության պատմության ընթացքում իրար փոխարինած վերնախավերը խնդիր չդրեցին ժողովրդից հասարակություն ձևավորելու: Դրա արդյունքն է, որ այսօր մենք ունենք զրոյական իդեաներ, պետականության շատ ցածր գիտակցումով, սեփական արժանապատվության և իրավունքների ցածր նիշով բնակչության մի մեծ զանգված: Նման պայմաններում պետությունների բնակչության հիմնական մոտիվացիաները դառնում են պարզ կենցաղային»: