26/04/2017 19:31
Տարոն Մարգարյանի զարմանքը
Երևանի ավագանու ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Աջափնյակում լրագրողների հետ ճեպազրույցում մի քանի անգամ կրկնեց, որ զարմացած է նրանց հարցերից: Իսկ հարցերը վերաբերում էին թեկնածուների միջև նախընտրական բանավեճին, որի միասին մրցակիցների կողմից մի քանի անգամ առաջարկներ բարձրացվել էին:
«Ինձ թվում ա բանավեճի մասին իմ հարցազրույցներում ես արդեն ասել եմ: Վերցրեք, նայեք, թե ինչ եմ ասել: Մեր կատարած աշխատանքը, ծրագրերը մեր ժողովրդին ենք ներկայացնում: Բանավեճով չենք ներկայացնում: Բանավեճը … ես զարմանում եմ անընդհատ որ հարցնում եք», - մրցակիցների կողմից բանավեճի առաջարկի մասին հարցին ի պատասխան ասաց Տարոն Մարգարյանը:
Հարցին, թե կա կարծիք, որ Տարոն Մարգարյանի վարկանիշը կընկնի, եթե մասնակցի իր մրցակիցների հետ բանավեճին, գործող քաղաքապետը պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ դուք այդ հարցը տալիս եք»:
Այնուհետև ասաց, որ իրենք ընտրել են այնպիսի քարոզչություն, որի շրջանակներում հանդիպում են բնակչության հետ, ներկայացնում կատարած աշխատանքներն ու ծրագրերը:
«Մեր քարոզչությունը դրա հիման վրա է իրականացվում: Մյուս ուժերն էլ ունենք իրենց քարոզչությունը: Մենք ենք որոշում՝ ոնց պետք ա կառուցենք: Մեր քարոզչությունը մենք կառուցել ենք այսպես», - ասաց Մարգարյանը, նստեց ծառայողական մեքենան ու գնաց: