26/04/2017 13:07
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը հիմնված է իրականության հետ որևէ աղերս չունեցող դատողությունների վրա. Տիգրան Մուկուչյան (Լուսանկարներ)
Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Սահմանադրական դատարան ներկայացրած Կոնգրես-ՀԺԿ դաշինքնի բողոքի դիմումը օբյեկտիվ չի համարում:
Դաշինքի դիմումի քննության ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար պետք է պարզել, թե արդյոք վկայակոչված խախտումներն առկա են, թե ոչ, դրանք հիմնավորվում են, թե ոչ, և արդյոք դրանք ազդել են ընտրության արդյունքների վրա:
Տ.Մուկուչյանն ընդգծեց, որ ԿԸՀ դիտարկմամբ՝ դաշինքի դիմումում ներկայացված դեպքերը չունեն առաջնային նշանակություն և դրանք ոչ թե փաստեր են, այլ «ուրիշի պատմածի վերարտադրություն»:
«Պատասխանող կողմը հակված է պնդելու, որ դրանք խիստ սուբյեկտիվ են, հիմնված են բացառապես դիմողի կամայական մեկնաբանությունների, իրականության հետ որևէ աղերս չունեցող դատողությունների հիման վրա», - նշեց Տ.Մուկուչյանը։
Նրա դիտարկմամբ, դաշինքի՝ 38 էջից կազմված դիմումի միայն 25 էջն է բովանդակային:
«Կան պարբերություններ, որոնք բովանդակային առումով մի քանի անգամ կրկնվում են: Դիմումին կից ներկայքցված փաստաթղթերի 95 տոկոսից ավելին անգամ մեծ վերապահումով փաստաթղթեր կոչվել չեն կարող», - նշեց նա: