26/04/2017 12:42
Երևանում մարտ ամսվա ընթացքում մոտ 3000 IP հասցե ենթարկվել է վիրուսային հարձակման
Երևանում ապրիլի 26-ին Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում մեկնարկեց համանուն ֆորումը:
«Այս տարվա թեման նորարարությունն է: Այն մեր կյանքը դարձնում է ավելի առողջ, պարզ և հարմարավետ: Ուստի Մտավոր սեփականության հզոր պաշտպանությունը նորարարության և նոր աշխատատեղերի ստեղծման համար հիմք է հանդիսանում», - նշեց ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը:
Ֆորումին ներկա ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը նշեց, որ, մտավոր սեփականության պաշտպանության առումով, ՀՀ-ի օրենսդրական դաշտը լիարժեք է և արժանացել է ԵՄ փորձագետների հավանությանը, քանի որ համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Սակայն ավելացրեց, որ, չնայած օրենքին, խախտումների քանակը շատ է, քանի որ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները միշտ չէ որ համագործակցում են իրավապահների հետ՝ մտավոր սեփականության պաշտպանության գործում:
Մայքրոսոֆթի՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Մտավոր սեփականության պաշտպանության տնօրեն Լոռան Սիգնորեթը նշեց, որ շատ կարևոր է մտավոր սեփականությունը պաշտապնելու համար կազմել կոալիցա, այլ ոչ թե գործել անհատապես, քանի որ աշխարհում հիմա ամեն բան թվայնացված է և խիստ պաշտպանության կարիքն ունի:
«Թվայնացված աշխարհում գլխավոր մարտահրավերը կիբերանվտանգության հարցն է: Ամեն բանն է թվային՝ առևտուրը, բանկային ծառայությունները, աշխատաշուկան, կրթությունը, առողջապահությունը և այլն: Տարեկան կիբերհանցագործության հետևանքով զոհերի թիվը կազմում է մոտ 600 մլն մարդ», - նշեց Լոռան Սիգնորեթը:
Նրա խոսքով՝ Մայքրոսոֆթը հետևում է ծրագրային փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են համակարգը պաշտպանելու համար և ուղարկում է անհրաժեշտ թարմացումներ, նաև, ընդգծեց, որ կարողանում է պարզել այն IP-ների հասցեները, որոնք ենթարկվել են վիրուսային հարձակման:
Համաձայն այդ IP տվյալների՝ Երևանում 2017 թվականի մարտ ամսվա ընթացքում մոտ 3000 IP հասցե է ենթարկվել վիրուսային հարձակման: Բացի այդ հավելեց, որ շատ կարևոր է գիտակցել ծրագրային ապահովման կարևորության մասին և վերածել այն արժեքի, որը պետք է պաշտպանել: Նրա տեղեկացմամբ՝ ծրագրային ցանցահենությունը Հայաստանում կազմում է 86%, որն անհանգստության տեղիք է տալիս:
Լոռան Սիգնորեթը իր խոսքն ավարտեց այն մտքով, որ մտավոր սեփականության ամենալավ պաշտպանության պրակտիկան ցույց է տվել, որ մարդ երկու բանի կարիքն ունի՝ կրթության և այդ գիտելիքների կիրառության, այսինքն՝ պետք է բոլորին պարբերաբար տեղեկացնել, սովորեցնել, թե ինչպես պաշտպանվել հաքերային հարձակումներից: