26/04/2017 19:49
ՔԶԱԿ-ը հաստատել է քիմիական զենքի համաշխարհային պաշարների 95 տոկոսի ոչնչացումը
Աշխարհում քիմիական զենքի հայտարարագրված պաշարների ավելի քան 95 տոկոսն այս պահին ոչնչացված է, հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմետ Ուզյումջյուն՝ ելույթ ունենալով կազմակերպության 20-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:
«Քիմիական զենքի լիակատար ոչնչացման և մշտական արգելման ճանապարհին մեր ջանքերը հասել են կարևոր ուղենիշի: Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի կատարումն սկսվել է 1997 թվականին և նպատակաուղղված էր զանգվածային բնաջնջման զենքի մի ամբողջ տեսակի վերացմանը: 20 տարվա ընթացքում Կոնվենցիայի մասնակից պետություններն իրականացրել են փաստաթղթում ամրագրված դրույթները, և դրա շնորհիվ ներկայում ամբողջ աշխարհում ոչնչացված Է քիմիական զենքի 95 տոկոսը», - ասել է նա: