27/04/2017 14:14
Reuters. Իսրայելի օդուժը Դամասկոսի մերձակայքում հարվածել է «Հըզբոլլահի» զինապահեստի վրա
Իսրայելի ռազմաօդային ուժերը Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում հարվածել են շիաների «Հըզբոլլահ» լիբանանյան խմբավորման զինապահեստի վրա, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանային հետախուզության մի աղբյուրի՝ չնշելով, թե հատկապես որ երկրի հատուկ ծառայությունն է փոխանցել այդ տեղեկությունները, փոխանցում է ТАСС-ը:
Ավելի վաղ Al Ayam հեռուստաալիքը հայտնել է, որ օդային գրոհի հետևանքով սաստիկ հրդեհ է բռնկել օդանավակայանի մերձակայքում: Սիրիական հրամանատարության կողմից հայտարարություններ առայժմ չեն եղել:
Չորեքշաբթի Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին և «Հըզբոլլահ» լիբանանյան շարժմանն ուժեր կենտրոնացնել Գոլանի բարձունքներում՝ Իսրայելի հյուսիսային սահմանի մոտ: Նա նշել է, որ «Իսրայելը մտահոգված է Սիրիայում Իրանի ակտիվությամբ, հատկապես Սիրիայի տարածքը Լիբանանի «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը իրանական զենքի մատակարարման համար որպես փոխաբեռնման բազա օգտագործմամբ»: