27/04/2017 09:47
ՀՅԴ-ն բանակցություններ է վարում, որ փաստաթղթավորված երաշխիքներ ստանա առաջիկա 5 տարում կոալիցիայի կազմում լինելու մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «ՀՀԿ-ում սպասողական իրավիճակը դեռ երկար է շարունակվելու։ Բանն այն է, որ առաջիկայում ձևավորվելիք կառավարությունը էլի ժամանակավոր է լինելու, և նշանակվելիք նախարարները պաշտոնավարելու են ընդամենը մեկ տարի, իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ ներսում մեկ տարի անց պաշտոնների համար կրկին մրցավազք է սկսվելու։
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Սերժ Սարգսյանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ առաջիկայում ձևավորվելիք կառավարությունը կպաշտոնավարի մինչև հաջորդ տարվա ապրիլ, երբ լրանան նախագահական իր լիազորությունները, ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունն ու երկիրը վերջնական անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի։ Միայն դրանից հետո կձևավորվի հիմնական կառավարությունը՝ քաղաքական նոր կառավարման համակարգի տրամաբանությանը համապատասխան։ Այս փաստը, բնականաբար, ՀՀԿ-ականների մի մասն ուրախությամբ է ընդունել, քանի որ հույս ունի մեկ տարվա ընթացքում այնպես անել, որ պաշտոն ստանա, իսկ ոմանք էլ տխրել են, քանի որ կասկածում են կրկին կառավարության կազմում լինելու հեռանկարին։
Ի դեպ, այս ամենով պայմանավորված՝ հավանական է, որ մեկ տարվա կյանք ունեն նաև ՀՀԿ-ՀՅԴ ձևավորվելիք կոալիցիան, և ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հիմա ՀՅԴ-ն բանակցություններ է վարում, որպեսզի փաստաթղթավորված երաշխիքներ ստանա առաջիկա հինգ տարում կոալիցիայի կազմում լինելու մասին»: