27/04/2017 13:20
Այդ ի՞նչ շուկա է ստուգել ՍԱՊԾ-ն, իրենց բակի խանութնե՞րը. Բաբկեն Պիպոյան
Հայաստանում սննդի անվտանգության համար պատասխանատու մարմինն աշխատում է ոչ թե անվտանգություն ապահովելու համար, այլ պարզապես ցույց տալու, թե մի բան անում է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրառանալով վերջին օրերին շուկայում թուրքական չստուգված գյուղմթերքի և ադրբեջանական չստուգված խնձորի աղմկահարույց դեպքերին:
«Ինձ համար, որպես սպառողի իրավունքների պաշտպանի, առաջնային չէ չստուգված մթերքը թուրքական է, արդբեջանական, թե հունական: Դա առաջնային է ինձ համար որպես մարդ: Բայց առաջնային է, անկախ ներմուծման երկրից, շուկայում եղած բոլոր մթերքները պետք է ստուգվեն», - հայտարարեց Պիպոյանը:
Նա ընդգծեց, որ ադրբեջանական խնձորի մասին աղմուկից հետո ՍԱՊԾ-ն քանի օր է՝ անգործության էր մատնված: Նրա խոսքով՝ կառույցը վստահեցնում էր, որ սպառողները հանգիստ լինեն, նշում էր որ շուկայից հանում են տվյալ ապրանքը, սակայն ամեն ինչ հակառակն էր. տնտեսվարողները խնձորի վրայից հանում էին ադրբեջանական պիտակը, խառնում տեղական արտադրանքի հետ կամ ներկայացնում որպես հունական ու շարունակում էին վաճառել:
«Այդ դեպքում առաջնային մեղավորը ոչ թե տնտեսվարողն է, այլ՝ համապատասխան պետական կառույցները, որոնք գործ չեն արել: Եթե սպառողին ու տնտեսվարողից ես անձամբ ոչինչ չեմ կարող պահանջել, պետությունից կարող եմ», - ասաց Պիպոյանը՝ ավելացնելով.
«Երբ դու թողնում ես, որ ադրբեջանական խնձորը դառնա հունական ու վաճառվի, դու ադրբեջանցուց վատն ես»:
Պիպոյանը նաև ամսաթվերով ներկայացրեց ՍԱՊԾ-ի և ՊԵԿ-ի տարածած հայտարարությունները, ինչպես նաև անդրադարձավ ԳԱԱ սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի հայտարարությանը, որում վերջինները բացահայտել էին ադրբեջանական խնձորի մեծածախ վաճառքի կետ:
«Մարդիկ գնացել, գտել էին, որ շուկայում դրված են: Ահազանգեցին՝ եկեք, հասեք: Այդ ինչպես է, որ ահազանգի հետքերով լրագրողները գնացին, հասան, իսկ պատկան մարմին ՍԱՊԾ-ն՝ այդպես էլ ոչ: Ինչպես են ասում, որ շուկաները ստուգել են, եթե այսօր ամենախոշոր շուկաներում՝ Մալաթիայում, Գում-ում, ըստ սոցցանցերի՝ նաև Քարֆուրում խնձորը դրված է: Այդ ի՞նչ շուկա են ստուգել, իրենց բակի խանութնե՞րը», - ասաց Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ ահազանգից հետո ՍԱՊԾ-ն պետք է դիմեր դատախազությանը, սակայն, ըստ նրա, դա չի արել, քանի որ այդ դեպքում առաջին հերթին կբացահայտվեր հենց իրենց կառույցի անգործությունը: