27/04/2017 18:18
Դամասկոսի մերձակայքում գազատարը շարքից դուրս է եկել Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածի հետևանքով
Դամասկոսի արվարձաններում էլեկտրակայանին գազ մատակարարող գազատարը շարքից դուրս է եկել միջազգային օդանավակայանի շրջանին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Al Arabiya-ին:
Ավելի վաղ, «Գուտա» կառավարամետ բժշկական կենտրոնի ակտիվիստները համացանցում հրապարակել էին գազատարի պայթյունի հոլովակը, որը վառելիք է մատակարարում Դամասկոսի մոտ գտնվող ՋԷԿ-ին:
Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերային հարվածը հասցվել է լիբանանյան շիական «Հիզբալլահ» կուսակցության զենքի պահեստին, որի գրոհայինները մարտնչում են սիրիական բանակի կողմում: Նա պարզաբանել է, որ Իսրայելը ձգտում է թույլ չտալ Սիրիայի տարածքով Իրանի կողմից «Հիզբալլահին» ժամանակակից սպառազինության փոխանցումը:
Իսրայելի և շիական միլիցիայի միջև վերջին դիմակայությունը տեղի է ունեցել 2006 թվականին՝ Հարավային Լիբանանում:
«Սուրիա ալ Էն» լրատվական պորտալի համաձայն՝ հզոր պայթյունների ձայնը լսելի է եղել ոչ միայն արվարձաններում, այլ նաև Դամասկոսում:
Սիրիայի ԶՈւ ներկայացուցիչը հինգշաբթի հայտարարել է, որ Իսրայելի ՌՕՈւ-ն հարձակվել է բանակային դիրքերից մեկի վրա, որը օդանավակայանից հարավ-արևմուտք է տեղակայված: Նրա խոսքով՝ ագրեսորները հրթիռներ են արձակել: Նա նաև նշել է, որ պայթյունների հետևանքով նյութական կորուստներ են կրել:
«Ալ Մայադին» հեռուստաալիքը հաղորդել է, որ իսրայելական օդանավերը հրթիռներն արձակել են տեղական ժամանակով 03:50-ին՝ գտնվելով Գոլանի բարձունքների հարավային հատվածում: