27/04/2017 13:16
Հանգիստ լինե՞նք, թե՞ անհանգիստ. Վարչապետը՝ Դավիթ Հարությունյանին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Առողջապահության նախարարության տեսչական նոր մարմին ստեղծելու նախագիծը։
Նախագծով, որը կառավարությանը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նախատեսվում է նաև միավորել երկու տեսչություն, որոնք գործում էին բնապահպանության և էներգետիկ ենթակառուցվածքներիր ու բնական պաշարների նախարարությունների կազմում:
«Դրանք գործելու են մեկ նոր՝ բնապահպանության և ընդերքի տեսչության մեջ, որը կառավարելու է երկու նախարարությունների կողմից ստեղծված խորհուրդը», - մանրամասենց Դ. Հարությունյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կա հարցադրում՝ կոլեգիալ պատասխանատվությունը կհանգեցնի՞ կոլեգիալ անպատասխանատվության, թե՝ ոչ, կարո՞ղ են աշխատանքային ռեժիմի հարցում վստահ լինել:
«Այս հարցերի շուրջ հանգիստ լինե՞նք, թե՞ անհանգիստ», - հարցրեց վարչապետը։
Դավիթ Հարությունյանը նշեց, որ կա մի քանի անհանգստացնող հարց, որոնք պահանջում են օրենքի փոփոխություն և, որն արդեն մշակված է։
«Քննարկվում է գերատեսչությունների հետ և շուտով ներկայացվելու է նաև կառավարություն: Բայց սկզբունքորեն, թեև մենք խոսում ենք, որ կոլեգիալ կառավարման մարմին է, սակայն տեսչության պետն այն անձն է, որը ենթակա է միաժամանակ երեք տարբեր սուբյեկտի՝ կառավարման խորհրդին, վարչապետին և կառավարությանը», - ընդգծեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը։
Վարչապետը հանձնարարեց այս հարցի վերաբերյալ լրացուցիչ քննարկում կազմակերպել:
«Ցանկությունը հետևյալն է՝ տեսչական մարմինը պետք է լինի խոչընդոտ, եթե նախարարը գնում է սխալ ուղղությամբ և չխանգարի, եթե նախարարը բարեփոխում է անում։ Պետք է նաև հստակ պատասխանատվության խնդիրը դիտարկել, կոլեգիալ պատասխանատվությանը միշտ վերաբերվում եմ վերապահմամբ», - ընդգծեց Կ. Կարապետյանը: