27/04/2017 16:08
Դատախազությունը պիտի գաղտնալսեր «ՍԱՍ»-ի ժողովը. Լևոն Զուրաբյան
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը Սահմանադրական դատարանում հետաքրրքվեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանից, թե ի՞նչ է պարզել այս օրերի ընթացքում դատախազությունը՝ «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունների ուսումնասիրության արդյունքում:
«Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, բայց ամենամեծ ցանկության պարագայում անգամ ես չեմ կարող որևէ բան հրապարակել՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից: Ես իրավունք չունեմ որևէ բան հրապարկել», - ասաց Բիշարյանը:
Լևոն Զուրաբյանը շարունակեց պնդել, որ համապատասխան մարմինները անգործության են մատնված, այլապես հնարավոր կլիներ ավելի վաղ պարզել՝ ինչ մեխանիզմներ է կիրառում Արտակ Սարգսյանը՝ ձայներ հավաքելու համար:
«Եթե դատախազությունը դա թողեր ոչ թե ժողովի մասնակցիներին, այլ ինքը գաղտնալսեր ժողովը մենք այսօր պատրաստի տեղեկություններ կունենայինք», - ասաց Լևոն Զուրաբյանը՝ պնդելով, որ եթե մոտ 400 մարդ ներկա է եղել ժողովին, ապա այդ մարդկանց իրավունքները խախտվել են հրապարակայնորեն:
Կարեն Բիշարյանը չհամաձայնեց այդ պնդման հետ՝ նշելով, որ ժողովը քրեական մարմինների տեսադաշտում չի եղել:
Զուրաբյանին չգոհացրեց պատասխանը: Նա շարունակեց պնդել, որ ոստիկանությունն ու իրավապահ մարմիններն անգործության են մատնված, Բիշարյանն էլ արձագանքեց, որ գործի հիմքում ըստ էության ընկած են ԶԼՄ հրապարակումները. «Եթե խոսքը տվյալ չի պարունակում, դա հանցագործության մասին հայտարարություն չէ», - հավելեց նա: