27/04/2017 13:22
Խի՞ ես ֆիքսվում իմ մատի վրա. Զուրաբյանը՝ Մուկուչյանին (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ պատասխանող և հայցվոր կողմերի միջև:
Նախ՝ դաշինքի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Եգորյանը մի քանի անգամ հարց ուղղեց ԿԸՀ նախագահի Տիգրան Մուկուչյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք ԿԸՀ-ն քննարկել է և դպրոցների տնօրենների, և մանկապարտեզների վարիչների գործողությունների փոխկապակցվածության հանգամանքը:
Տիգրան Մուկուչյանը պնդեց, որ ինքը նախկինում պատասխանել է այդ հարցին և ավելացնելու ոչինչ չունի: Երբ Եգորյանը մի քանի անգամ հնչեցրեց հարցը՝ պնդելով, որ իր կողմից հարցը նախկինում չէր հնչել, և Մուկուչյանը չէր կարող պատասխանած լինել դրան, ԿԸՀ նախագահը փորձեց ավելի հասկանալի բացատրել:
«Չակերտները բաց՝ ես այդ հարցին պատասխանել եմ, չակերտնեը փակ, վերջակետ», - ասաց Տիգրան Մուկուչյանը, ապա դիմելով Լևոն Զուրաբյանին, ով այդ պահին խոսում էր Վահե Գրիգորյանի հետ՝ նկատեց. «Պարոն Զուրաբյան, առանց մատի»:
«Ես քո՞ հետ էի խոսում», - արձագանքեց Զուրաբյանը, Մուկուչյանն էլ նշեց. «Ձեր գիտակցական մակարդակն էդքանա»:
«Խի՞ ես ֆիքսվում իմ մատի վրա», - hետաքրքրվեց Զուրաբյանը, «Դու չի, Ձեր ա», - Զուրաբյանին ուղղեց Մուկուչյանը:
ՍԴ նախագահը կոչ արեց կողմերին կոռեկտություն պահպանել, այլապես ստիպված կլինի դադարեցնել նիստը: