27/04/2017 21:02
Իրավիճակը բավարար է. Շարմազանովը Երևանի ավագանու ընտրությունների մասին
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քարոզարշավի ընթացքը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Կուսակցությունը գնահատում է, որ իրավիճակը բավարար է, դրական է, մեր թեկնածուները կարողանում են բակային հանդիպումների մարտավարությամբ ներկայացնել թե իրականացված աշխատանքները, թե լսել հանրության առաջարկությունները և այս առանց միջնորդների հանդիպումները գնահատում ենք արդյունավետ», - ասաց նա։
Է.Շարմազանովը նշեց, որ կուսակցությունը դրական է գնահատել Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի ընդունումը։
«ՀՀ իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հետևողական է լինելու ցեղասպանությունների և, մասնավորապես, Հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացում», - նշեց ՀՀԿ խոսնակը։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Չեխիայի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ թափ հավաքեց Սերժ Սարգսյանի՝ Չեխիա այցից հետո։