27/04/2017 14:18
Կողմերին չի հաջողվի որոշակի ձեռքբերումներ ունենալ. Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մոսկովյան հանդիպման մասին
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի բնորոշմամբ՝ զարմանալի ոչինչ տեղի չի ունեցել, որ ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
«Սպասելի էր, որ այս հանդիպումը պետք է կայանար, զարմանալի ոչինչ տեղի չի ունեցել։ Այս հանդիպումը նախապատրաստվում էր վաղուց և Ռուսաստանը փորձում է կարևոր դերակատարում ունենալ կողմերին բանակցությունների շուրջ վերադարձնելու համար», - Aysor.am-ի հետ զրուցում ասաց Հրանտ Մելիք- Շահնազարյանը՝ անդրադառնալով ապրիլի 28-ին կայանալիք հանդիպմանը։
Քաղաքագետն ասում է, որ թեև հանդիպումները դրա համար անհրաժեշտ պայմաններից մեկն է, բայց նշում է, թե ավելի քան վստահ է, որ այս հանդիպման ընթացքում կողմերին չի հաջողվի որոշակի ձեռքբերումներ ունենալ. «Սպասելիքներս մեծ չեն, բայց պետք է արձանագրել, որ միջնորդները, հատկապես ռուսական կողմը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հարցը շարունակի մնալ բանակցությունների սեղանի շուրջ»։