27/04/2017 10:11
Հրաչյա Հարությունյանի հարազատները կասկածներ ունեն նրա արտահանձնման հետ կապված
Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 6.9 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում նրա հարազատները, այդուհանդերձ, կասկածներ ունեն։
Հարությունյանի ազգական Վիկտոր Մարտիրոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ երկու օր առաջ Արդարադատության նախարարությունում հանդիպել է փոխնախարար Վիգեն Քոչարյանի հետ և մանրամասներ իմացել Հրաչյայի գործի վերաբերյալ։
«Եղել եմ Քոչարյանի մոտ, նստել, ահագին զրույց ենք արել։ Նա ինձ բացատրեց, թե ինչ աշխատանքներ են կատարել Հրաչյա Հարությունյանին Հայաստան վերադարձնելու համար և բացատրեց, որ Հրաչյային տեղափոխելու հիմնական խնդիրը՝ վթարից տուժած անձանց ֆինանսավորումն է եղել և այդ հարցը լուծված է», - ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնյաներն իրեն փոխանցել են, որ Հրաչյա Հարությունյանը 20 օրից կամ ամենաուշը երկու ամսից կտեղափոխվի Հայաստան։ Ինչ վերաբերում է գումարին, ապա Մարտիրոսյանի խոսքով, 18 մլն ռուբլին փոխանցել են բարերարներ, որոնց անունները նույնիսկ իրենք չգիտեն։ Ասաց նաև, որ իրենց մեծ հաշվով չի հետաքրքրում՝ ովքեր են գումարը փոխանցողները. «Աստված թող իրանց օգնի»։
Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց, իր խոսքով, այն մարդկանց, ովքեր աջակցել են իրենց այդ հարցում՝ նախագահ Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ու նրա տեղակալ Վիգեն Քոչարյանին։
«Հրաչյա Հարությանի ճանապարհը բաց է, այդպես են համենայնդեպս, ասում։ Ես անմիջապես հետևելու եմ, որ տեսնեմ՝ դա իրականությո՞ւն է, թե ոչ», - ասաց Մարտիրոսյանը։
Մեր հարցին, թե իրենք կասկածներ ունե՞ն, որ գործը գլուխ կգա, Հարությունյանի ազգականը պատասխանեց. «Երբ տեսնենք, որ վերջնական որոշում կա, և այն ժամանակ իմ հոգու մեջ հանգստություն կլինի ու ես կմտածեմ՝ իմ փեսեն, իսկապես, գալիս ա։ Կասկածներ ունեմ, որովհետև չես կարող իմանալ, կարող է տուժածներից մեկը գլուխ բարձրացնի ու ասի, թե էլի է գումար ուզում։ Պատկերացնո՞ւմ եք։ Եթե ինձ ասեին, որ Հրաչյան գալիս է տասնհինգ օրից, ես վստահ լինեի, որ գալիս ա, բայց էն մարդիկ չեն ասում էդպես, ասում են՝ տասնհինգ օրից, քսան օրից, մի ամսից, երկու ամսից։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հարցականների տակ են դնում»։
Այս պահին, նրա խոսքով, փաստաթղթային հարցեր են լուծվում և դրանց կարգավորումից հետո կարող են արտահանձնման ժամկետների մասին խոսել։
Հարցին, թե Հարությունյանը գիտի, թե ինչ է կատարվում այս գործի շուրջ, Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենք կապվել են Հրաչյա Հարությունյանի հետ, և նա իրենց ասել է, որ իրեն տվել են փաստաթղթեր ստորագրելու, որոնց համաձայն, ինքը պարտք չէ գործով տուժած քաղաքացիներին։
Հետաքրքրվեցինք, թե արտահանձնման դեպքում արդյոք Հարությունյանը շարունակելո՞ւ է մնալ անազատության մեջ Հայաստանում, Մարտիրոսյանն ասաց, որ «բանտից բանտ է տեղափոխվելու»։ «Երբ ես այդ մասին խոսեցի Քոչարյանի հետ, ասացի, որ Հրաչյան արցախյան պատերազմի ազատամարտիկ է, ունի շքանշաններ, Արցախի կիսատ-պռատ հերոսներից է։ Եթե ծանր հանցագործություն չի գործել, ապա ինքը օրենքով պետք է իջներ Հայաստան ու գնար իրա տուն։ Բայց փոխնախարարն ասում է, որ բանտից բանտ է տեղափոխվելու, ու մենք նույնիսկ կարող է չտեսնենք իրան», - ասաց Մարտիրոսյանը՝ նկատելով, որ եթե այդպես լինի, ապա իրենք կդիմեն նախագահին՝ խնդրելով ներում շնորհել։
Ինչ վերաբերում է առողջական խնդրին, ազգականի խոսքով, Հարությունյանի մոտ գլուխ են բարձրացնում ողնաշարի, սրտի հետ կապված խնդիրները, ինչպես նաև թևատակի ուռուցքը և բացի այդ, հաճախ է ցավեր ունենում և դրա համար ցավազրկող են ներարկում։
«Վիրահատությունների կարիք կա», - ասաց նա։