27/04/2017 11:53
Քանի՞ րոպե տևողությամբ հնչող հարցը կարող եք հիշել. Տիգրան Մուկուչյանը չի մտապահում Եգորյանի հարցերը
Սահմանադրական դատարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դժգոհեց, որ չի հասկանում հայցվոր կողմի հարցերը, քանի որ դրանք շատ երկար են:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի շահերը դատարանում ներկայացնող Տիգրան Եգորյանի՝ մի քանի րոպե տևած հարցից հետո ԿԸՀ նախագահն ասաց. «Հարցը արդեն չեմ հիշում, չեմ կարող պատասխանել»:
«Այդ դեպքում, ես խնդրում եմ ասեք, թե դուք քանի՞ րոպե տևողությամբ հնչող հարցը կարող եք հիշել, որ ես այդ տևողությամբ հարց ձևակերպեմ», - հարցրեց Եգորյանը, ինչին Տ.Մուկուչյանն արձագանքեց. «Յոթ րոպե»:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը միջամտեց՝ կոչ անելով ավելի կոռեկտ հարց ու պատասխան ձևակերպել՝ հիշեցնելով Մուկուչյանին, որ վերջինս իրավունք չունի հարցի հնչեցման ժամ սահմանել, դա ՍԴ-ի գործն է:
«Փորձեք հարցը որքան հնարավոր է սեղմ տալ, պարոն Եգորյան, Դուք էլ ուշադիր լսեք, որպեսզի կարողանաք պատասխանել», - ասաց Գ.Հարութունյանը: