27/04/2017 13:44
Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնություն. Հայաստան 3 - 1 Անգլիա
Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում տեղի է ունեցել 3-րդ տուրը, որում Հայաստանի մրցակիցն է եղել առաջնությունում ամենաբարձր գործակից ունեցող Անգլիայի առաջին հավաքականը:
Մրցախաղում Հայաստանի վետերան շախմատիստները 3-1 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ. առաջին խաղատախտակի վրա Ռաֆայել Վահանյանը ուժի դիրքերից հաշտություն է կնքել Նայջել Շորտի հետ, 2-րդ խաղատախտակի վրա Ջոն Նանի նկատմամբ հիանալի հաղթանակ է տոնել Արտաշես Մինասյանը, 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Կարեն Մովսիսյանն իր պարտիան ավարտել ոչ-ոքի արդյունքով, իսկ Սերգեյ Գալդունցն ուժեղ է գտնվել Կիտ Արկելից և հաղթական վերջակետ դրել մրցախաղում:
3-րդ տուրից հետո 2 հավաքական՝ Հայաստանը և Ռուսաստանը, վաստակել են 6-ական թիմային միավոր և գլխավորում են աղյուսակը:
Վաղը կայանալիք 4-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու Ռուսաստանի ընտրանին:
Հունաստանում մեկնարկել է շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը, որն անցկացվում է երկու տարիքային խմբերում` 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի հավաքականը մասնակցում է 50-ից բարձր մրցաշարին:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը: