27/04/2017 15:19
ՌԴ ՔԿ-ն հերքել է դեկտեմբերին Սև ծովն ընկած Տու-154-ի գերբեռնվածության մասին լուրերը
ՌԴ Քննչական կոմիտեն հերքել է մամուլում հրապարակված հաղորդագրություններն այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը 2016 թվականի դեկտեմբերի 25-ին կործանվել է Սև ծովում գերբեռնվածության պատճառով: Այդ մասին ասված է գերատեսչության հաղորդագրությունում, փոխանցում է Lenta.ru-ն:
Ավիավթարի պատճառների մասին վերջնական որոշումը կկայացնեն ռազմական քննիչները՝ թռիչքատեխնիկական փորձաքննությունների անցկացումից հետո:
«Մամուլում հայտնված հաղորդագրությունը Տու-154 օդանավի գերբեռնվածության մասին, ինչն իբր դարձել է Սև ծովում աղետի պատճառ, չի համապատասխանում քրեական գործի նյութերին: ԶԼՄ-ներում հրապարակվող վարկածներն ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառների մասին հիմնված չեն փաստերի վրա և դրանց հեղինակների անձնական դատողություններն են», - հայտարարել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Ապրիլի 26-ին ԶԼՄ-ները հայտնել են ինքնաթիռի 12 տոննայով գերբեռնվածության մասին:
Տու-154-ը վթարի է ենթարկվել Սոչիում դեկտեմբերի 25-ին: Օդանավը, որն ուղևորվում էր Լաթաքիա, անհետացել է ռադարներից փաստացիորեն թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիռում եղել է 92 մարդ, նրանք բոլորը զոհվել են: