27/04/2017 13:05
Ամենակարևորը ներգնա զբոսաշրջային հոսքերի ավելացումն է. քաղավիացիայի պետը՝ թուրքական «Պեգասուս»-ի մուտքի մասին
Թուրքական «Պեգասուս» ավիաընկերության մուտքը հայկական շուկա ներգնա զբոսաշրջության զարգացման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությանը տարածաշրջանում կպահի մրցակցային դիրքերում, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
«Քանի որ մեր քաղաքացիները Թբիլիսիի օդանավակայանով որևէ տեղ ուղևորվելիս գրեթե 90 տոկոսով օգտվում էին Turkish Airlines-ի ծառայություններից, որոշ դեպքերում ասելով, թե շատ հարմարավետ է, տեսեք՝ ինչ լավ է, իսկ մեզ մոտ չկա, այժմ նաև մեզ մոտ կլինի», - նշեց Սերգեյ Ավետիսյանը։
Նա ընդգծեց, որ այս հարցում իր համար ամենակարևորը ներգնա զբոսաշրջային հոսքերի ավելացումն է, քանի որ «Պեգասուսը» համարվում է եվրոպական ամենաակտիվ «լոուքոսթերներից» մեկը, որի աշխարհագրական ծածկույթը բավական լայն է։
«Կարծում եմ, որ սա մեծ հնարավորություն կստեղծի օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն այցելություններ կազմակերպելու համար։ Իսկ գների և մնացածի մասին պետք է տեղեկանալ փոխադրողի պաշտոնական կայքէջից», - ասաց Սերգեյ Ավետիսյանը։
Հունիսի 1-ից շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը: