27/04/2017 13:59
Սուրեն Կարայանը և Լիբանանի պլանավորման պետական նախարարը համագործակցության հուշագիր են կնքվել
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հրավերով Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը:
Սուրեն Կարայանը և Միշել Ֆարաոնն այսօր ստորագրել են նախարարությունների միջև համագործակցության հուշագիր: Հուշագիրը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի սերտացմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:
Մասնավորապես, նախատեսվում է փոխգործակցության ակտիվացում փոքր և միջին ձեռնարկատիրության օժանդակության, ներդրումների խրախուսման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և այլ ուղղություններով:
«Մենք մի նոր համագործակցության սկիզբ դրեցինք, որն էլ ավելի կամրապնդի մեր երկու բարեկամական պետությունների միջև հարաբերությունները»,- նշել է Սուրեն Կարայանը։
Միշել Ֆարաոնը նշել է, որ Հայաստանն իսկապես ունի ներդրումային գրավչություններ, և կարող է հետաքրքիր լինել ներդրողների համար՝ հավելելով․ «Պարոն նախարար, հրավիրում եմ Ձեզ և Ձեր թիմին Լիբանան և առաջարկում եմ իրականացնել համատեղ ներդրումային համաժողով` լիբանանցի գործարարներին և ներդրողներին ներկայացնելու Հայաստանի ներդրումային ներուժը և հաստատելու գործարար կապեր: Սա կարող է մեր երկու երկրների տնտեսական կապերի զարգացման ևս մեկ հիանալի հնարավորություն լինել: Այն ամենը, ինչ դուք այսօր ներկայացրեցիք, շատ հետաքրքիր կլինի լիբանանցի ներդրողներին։ Հայաստանում ներդրվել են մեխանիզմներ՝ հեշտացնելու մասնավոր ներդրումները»։