27/04/2017 12:52
Դավթաշենում հատված ծառերը ճյուղավորվում են. ՔԿ-ն պետք է անհապաղ փոխի Սամսոնյանի խափանման միջոցը. Փաստաբան
Դավթաշենում ծառերն ապօրինի հատելու համար մեղադրվող և այժմ կալանքի տակ գտնվող Ալեքսան Սամսոնյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը պնդում է, որ իր պաշտպանյալի գործողություններն ապօրինի չեն եղել, և նա ընդամենը խորը էտ է կատարել:
«Իմ պաշտպանյալը անհիմն, ապօրինի գտնվում է կալանքի տակ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Երեկ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը հրապարակել էր լուսանկար, որտեղ երևում էր՝ ինչպես էր հատված ծառը կանաչ ճյուղեր տալիս և հորդորել էր պատկան մարմիններին ազատել ծառերի ապօրինի հատման համար մեղադրվող քաղաաքցուն՝ ընդգծելով, որ նա հանցագործություն չի կատարել:
Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչի՞ն է սպասում նախաքննական մարմինը. «Կարող է՞ վարույթն իրականացնող մարմինը սպասում է, որ բարդի ծառերը բերք տան: Բերք չեն տալու: Ընդամենը ճյուղավորվելու են, նորից կանաչեն»:
Այս ընթացքում, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալի հետ առնչվող քննչական գործողություններ չեն կատարվել: Նախաքննություն իրականացնող քննչական կոմիտեն քրեական գործի համար հիմք է ընդունել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության եզրակացությունը, որի համաձայն, 29 ծառերի հատման հետևանքով պատճառված վնասը կազմում է 2 մլն դրամից ավելի: Բացի այդ, նշանակվել է նաև փորձաքննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն:
«Քաղաքապետարանի այդ եզրակացությունը վարույթն իրականացնող մարմինը չպետք է հիմք ընդուներ, որովհետև եթե իմ պաշտպանյալը այդ ծառերը միասին կտրած լիներ, պատճառված վնասը կազմելու էր 286 հազար դրամ», - ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ արդեն երեկվա դրությամբ 13 ծառ ճյուղավորում ու բողբոջ է տվել, և ավելին, նրանց վրա տերևներ կան:
Փաստաբանի խոսքով, նախաքննական մարմինը պետք է «անհապաղ» փոխի խափանման միջոցը և նույնիսկ չսպասի Վերաքննիչ դատարանում կալանքի վերաբերյալ բողոքի քննությանը:
Նշենք, որ Սամսոնյանի պաշտպանությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով փոխել խափանման միջոց կալանքը, սակայն Վերաքննիչ դատարանը դեռ բողոքի քննության օր չի նշանակել:
Սամսոնյանն ունի չորս երեխա, որոնցից 3-ն անչափահաս են և մեծահասակ, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող մայր, որոնք բոլորն էլ նրա խնամքի տակ են:
«20 տարի մարդը ծառ է տնկել, աճեցրել, էտել, սրսկել ու որևիցե մի անգամ չի իմացել, որ այդ ծառերը քաղաքապետարանի բալասում են: Եվ հերթական խորը էտի ժամանակ ուղղակի կազմակերպվեց շոու, որի զոհը դարձավ իմ պաշտպանյալը», -նկատեց փաստաբանը: