27/04/2017 10:33
Ինձ միշտ թվում է, թե ուր որ է որդիս դուռը բացելու է և ներս մտնի. Քյարամ Սլոյանի մայր (Տեսանյութ)
Ապրիլի 27-ին ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանը կդառնար 21 տարեկան։ Թեև մեկ տարի է անցել նրա մահվանից, բայց մայրը՝ տիկին Նվարդը, դեռ չի համակերպվել որդու մահվան հետ։
Aysor.am-ի հետ զրույցում Նվարդ Սլոյանն ասաց, որ դեռ սպասում է որդու վերադարձին, նրան միշտ թվում է, թե ուր որ է որդին դուռը բացելու է և ներս մտնի։
Քյարամենց տան հյուրասենյակի մի պատին իր նկարներն են, պատվոգրերն ու մեդալները, որոնք ստացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իշխանություններից, Երկրապահ կամավորականների միությունից, նրան նվիրված գրքերը։
Քյարամի մայրը պատմում է, որ մեդալներից մեկն էլ Աֆղանստանի պատերազմի մասնակից հայ հետախույզ Շիրակ Բաղդասարյանն է նվիրել, իրեն նվիրված մեդալը նվիրել է Քյարամ Սլոյանի հիշատակին։
Հայրը, որ դժվարացավ պառկած տեղից վեր կենալ, ասաց, թե որդու մահից հետո հիվանդացել է։ Որդու մասին խոսելիս արտասվում էր, ու ավելացնում. «Աստծո տված երեխա էր»։
«Մինչ բանակ գնալը երբեք մեզ նեղություն չի տվել, գնում էր դուրս, հետո 3 կամ 4 հազար դրամ ձեռքը գալիս էր տուն, գնում, աշխատում էր», - ասաց հայրը՝ Քյալաշ Սլոյանը։
Մայրն էլ ասում է, որ երբևէ որևէ օգնություն տանեցիներից չի խնդրել, ավելին, բանակից երբ արձակուրդ է եկել, մորը հեռախոս է նվիրել. «Մինչև կյանքիս վերջ աչքի լույսի պես պահելու եմ երեխուս բերած հեռախոսը»։
Որդու մահից հետո հայրը՝ Քյալաշ Սլոյանը գնացել էր Թալիշ, որտեղ զոհվել է Քյարամը, գտել նրա իրերը՝ ափսեն, գդալը, հագուստը, գլխարկը, ուսապարկը։ Դրանք բոլորը հիմա տան նույն անկյունում են, որտեղ Քյարամի նկարներն ու մեդալներն են։
Գյուղի դպրոցում իր անունով ռազմագիտության սենյակ կա, այստեղ ևս տեղադրված են Քյարամի իրերն ու պատվոգրերի կրկնօրինակները։
Հայրը դարձյալ պատրաստվում է գնալ Արցախ՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ Քյարամի հիշատակին խաչքար կա տեղադրված։
«Արցախի երկրապահների միությունը խաչքար է տեղադրել, կգնամ, երեխուս խաչքարին ծաղիկներ կդնեմ», - ասում է հայրը։
ՀԳ. Քյարամ Սլոյանի ծնողների հետ հարցազրույցն Aysor.am-ը վերահրապարակում է նրա ծննդյան կապակցությամբ: