27/04/2017 11:23
Ադրբեջանցի դիվանագետի կինը Միացյալ Նահանգներում բռնվել է գողության պահին
Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարի կինը` Մեհրիբան Ջաբրաիլովան բռնվել է խանութներից մեկից գողություն անելու փորձի ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է New York Daily News-ը:
Դեսպանության առաջին քարտուղար Ֆահրիդ Ջաբրաիլովայի 29-ամյա կինը փորձել է հեռանալ Bronx հանրախանութից 188.88 ԱՄՆ դոլար արժողությամբ իրերը մանկասայլակի ստորին հատվածում դրած:
Խանութ ժամանած ոստիկաններին Ջաբրաիլովան ասել է, որ ամուսնացած է Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարի հետ և ունի դիվանագիտական անձեռնմխելիություն:
Ինքնությունը հաստատելուց և անձեռնմխելիության կարգավիճակը ճշտելուց հետո ոստիկանությունը նրան ազատ է արձակել:
Նյու Յորքի ոստիկանությունը կապվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հետ, որն իրավունք ունի չեղարկել անձեռնմխելիությունը նման պայմաններում: Ոստիկանները կարող են հասնել անձեռնմխելիության կարգավիճակի վերացմանը, որպեսզի թույլատրվի դատական հետաքննությունը, սակայն դա սովորաբար արվում է ավելի լուրջ հանցագործությունների պարագայում:
Մեհրիբան Ջաբրաիլովայի ամուսինը New York Daily News-ի հետ զրույցում նախ հերքել է կատարվածը, ապա ասել. «Կներեք, ես տեղյակ չեմ եղել դրա մասին»: