28/04/2017 19:50
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի պլանավորման հարցերով նախարարին
Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ պաշտոնական այցով ժամանած Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետական նախարար Մայքլ Ֆարաոնին` ուղեկցությամբ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում երախտագիտություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և իշխանություններին, ովքեր մեկ դար առաջ ապաստան են տվել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին և այսօր էլ սեր և հոգատար վերաբերմունք են դրսևորում հայ համայնքի նկատմամբ` հնարավորություն ընձեռելով ապրել ազգային-եկեղեցական լիարժեք կյանքով:
Նախարար Ֆարաոնն իր հերթին ուրախություն է հայտնել Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելելու առիթով` ընդգծելով, որ քաջ ծանոթ է հայ ժողովրդի պատմությանը, կրած տառապանքներին և Լիբանանի եղբայրների հետ կիսում է հայ ժողովրդի զգացումները: Նախարարը նաև կարևորել է լիբանանահայ համայնքի դերակատարությունը տարբեր բնագավառներում:
Նրա խոսքով` Լիբանանում քրիստոնյաները և մահմեդականներն ապրում են համերաշխ, և չնայած երբեմն առկա զանազան մարտահրավերներ վտանգում են խաղաղ կյանքը, Լիբանանը կրոնական հանդուրժողականության, համերաշխության վրա հիմնված երկիր է:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքի ծանր իրավիճակին, տարբեր ժողովուրդների, հատկապես քրիստոնյա համայնքների դիմագրաված դժվարություններին: Իր մտահոգությունն արտահայտելով այս կապակցությամբ` Վեհափառ Հայրապետը նշել է. «Մենք մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ Տերը խաղաղություն բերի Մերձավոր Արևելքի երկրներին: Մեր աղոթքն ենք բերում նաև ձեզ, Լիբանանի աստվածասեր ժողովրդին` հայցելով Տիրոջ զորակցությունն ու առատ շնորհները»:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: