28/04/2017 12:15
Առաջինը Տիգրան Աթանեսյանն է հայհոյել ու հարվածել ինձ. Սիմոն Բաբայանը՝ երեկ տեղի ունեցած միջադեպի մասին
Փաստաբան Սիմոն Բաբայանը ցավում է երեկ փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպի համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
«Ցավում եմ կատարվածի առթիվ և դատապարտում եմ նմանատիպ իրավիճակը, Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանն ու Երվանդ Վարոսյանը երկար ժամանակ իրենց անձնական էջերում բազմաթիվ անգամ վիրավորել են ինձ, գործըներկներիս», - նշեց Ս. Բաբայանը։
Նրա խոսքով՝ Տիգրան Աթանեսյանը «Իրավաբաններ ու փաստաբաներ» խմբում նորից անձնական բնույթի հայհոյանքեր է հնչեցրել, որի հետ կապված ինքը ցանկացել է հանդիպել ու պարզաբանում ստանալ։
«Հանդիպեցի Տիգրանին, գնացինք իր գրասենյակ՝ Արսեն Հարությունյանի հետ, խնդրեցի պարզաբանում ներկայացնի, վերջինս հայհոյեց ու հարվածեց ինձ, տեղի ունեցավ վիճաբանություն ու եղավ այն, ինչ եղավ, բնականաբար, ես հակադարձեցի իրեն, ստեղծվեց քաշքշուկ, որը տևել է ընդամենը մեկ րոպե», - ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ քաշքշուկի հետևանքով վնասվածք է ստացել նաև Արսեն Հարությունյանը, որն այժմ խոսել չի կարողանում, քանի որ բժշկական միջամտություն է տեղի ունեցել։
Սիմոն Բաբայանն ընդգծեց, որ միջնորդություն են ներկայացնելու, որ ոստիկանությունից նյութերը տեղափոխեն Քննչական կոմիտե։
«Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը, և որպեսզի գործն ընթանա օբյեկտիվ, թող նյութերը տեղափոխվեն Քննչական կոմիտե», - ասաց Ս. Բաբայանը։