28/04/2017 15:31
Ասադ. Աշխարհաքաղաքական դժվարությունները վկայում են աշխարհում գերիշխանության հաստատման ԱՄՆ-ի ձգտման մասին
Աշխարհաքաղաքական դժվարությունները, որոնց բախվում են Սիրիան, Իրանը, Ռուսաստանը և այլ երկրներ, վկայում են աշխարհում գերիշխանության հաստատման ԱՄՆ-ի ձգտման մասին, վենեսուելական TeleSUR հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Այդ պատճառով է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի, ԿԺԴՀ-ի, Իրանի, Ռուսաստանի և, հնարավոր է, Վենեսուելայի հետ, ուղղված է աշխարհում ամերիկյան գերիշխանության վերականգնմանը, քանի որ կարծում են, որ այդ գերիշխանությունն այժմ սպառնալիքի տակ է», - ասել է Ասադը:
Սիրիայի նախագահը նաև նշել է, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների սցենարը պատահական չէ, որ նման է սիրիական իրադարձություններին, քանի որ երկու դեպքում էլ դրանց հետևում կանգնած է ԱՄՆ-ն:
«ԱՄՆ-ի նախագահը չունի քաղաքականություն: Կան քաղաքական կուրսեր, որոնք ուրվագծում են ամերիկյան ինստիտուտները, որոնք վերահսկում են ամերիկյան ղեկավարությանը, օրինակ՝ հետախուզական ծառայությունները, Պենտագոնը, խոշոր նավթային ընկերությունները և զենք արտադրողները, ֆինանսական ինստիտուտները, ինչպես նաև որոշակի լոբբիստական ուժեր, որոնք ազդեցություն են ունենում ԱՄՆ-ի որոշումների վրա», - ասել է Սիրիայի առաջնորդը:
Ասադն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը գնահատելն իմաստ չունի, քանի որ ամերիկացի նախագահը երբեք այն ինքնուրույն չի որոշել: