28/04/2017 12:54
Արա Զոհրաբյանը պարզաբանում է, թե ինչու չի գնացել փաստաբանների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վայր
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նպատակահարմար չի գտել երեկ լինել փաստաբանների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վայրում։
«Ես մտածեցի, որ իմ գնալով այնտեղ կրքերն ավելի կբորբոքվեն, այդ պատճառով նպատակահարմար չգտա գնալ», - Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Փաստաբանների պալատի նախագահը, սակայն, վստահեցրեց, որ փորձելու է հաշտեցնել կողմերին։
Aysor.am-ի դիտարկմանը՝ ձեզ են մեղադրում, որ դուք եք կանգնած այս ամենի հետևում, Արա Զոհրանյանը նշեց, որ միջադեպի մասին տեղյակ չի եղել։
«Եթե նախնական եղել է սեռական բնույթի հայհոյանքներ, ու Սիմոն Բաբայանը գնացել է իր հարաբերությունները ճշտելու, ի՞նչ կապ ունեմ էստեղ ես, ես կապ ունե՞մ, որ Տիգրան Աթանեսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել», - ասաց նա։
Արա Զոհրաբյանը նշեց, որ ինքը Տիգրան Աթանեսյանի հետ որևէ խնդիր չունի, բայց հավելեց. «Փոխարենը՝ նա իմ նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ունի»։