28/04/2017 10:12
Արման Վարդանյան. Ինձ համար գլխավորը ժողովրդի հաղթանակն էր . «Իրավունք»
«Իրավունք»-ը զրուցել է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հետ:
Վարդանյանը նշել է, որ երբ նախընտրական փուլում միասնական բևեռ ձևավորելը չստացվեց, «Միասնությունը» պաշտոնապես որոշում կայացրեց չմասնակցել խորհրդարանական ընտրություններին։ «Բայց մեր երիտասարդ թիմակիցներից ոմանք ցանկություն հայտնեցին իրենց ուժերը փորձել ռեյտինգային ընտրակարգով և ընդգրկվեցին «Ծառուկյան» դաշինքի ցուցակում։ Ասեմ նաև, որ մեր թեկնածուները բավական մեծ լումա են ունեցել ձայն բերելու և ձայն ստանալու գործընթացում, սակայն պաշտոնապես որևէ աջակցություն մեր կողմից դաշինքին չի եղել։ Այսինքն՝ քաղաքական պայմանավորվածություն «Միասնությունը» «Ծառուկյան» դաշինքի հետ չի ունեցել այն փուլից, երբ չկայացավ այդ մեծ կոնսոլիդացիան, որի նախաձեռնողը հենց «Միասնությունն» էր», - ասել է նա։
Թերթի հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ երբ Ն. Զոհրաբյանը նշում էր, թե Դուք եք «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն, արդեն իսկ համաձայնեցված չէր Ձեզ հետ, Վարդանյանը պատասխանել է. «Առաջարկը եղել է ոչ թե Ն. Զոհրաբյանի կողմից, այլ հայտարարության մեջ շեշտվել է Գագիկ Ծառուկյանի անունը։ Այսինքն՝ սա դաշինքի միասնական առաջարկն է եղել։ Արդյունքում եղավ այն, ինչ կանխատեսելի էր շատ վաղուց։ Ինձ համար անընդունելի էր ընտրություններին մասնակցել ուղղակի մասնակցելու համար։
Օրինակ՝ օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը, բայց քանի որ ես քաղաքական գործիչ եմ, ոչ թե մարզիկ, նախընտրեցի զերծ մնալ թե՛ ցուցակը գլխավորելուց, թե՛ ընտրություններին առանձին մասնակցելուց, քանի որ ինձ համար գլխավորը հաջողության հասնելն էր, որի արդյունքում կհաղթեր ժողովուրդը»։
Խոսելով իր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին՝ Արման Վարդանյանն ասել է. «Իմ շփումները «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հետ առ այսօր կրում են անձնական բնույթ և տեղավորվում են ընկերական տրամաբանության մեջ, ոչ թե քաղաքական, որովհետև մեզ մոտ ավելի լավ ստացվում է մտերմություն անել, քան իրար հետ քաղաքականությամբ զբաղվել։ Այդ առումով ոչ մի ծրագրային դրույթ իրենց հետ չեմ քննարկել, որպեսզի ասեմ՝ ունեին, թե՝ ոչ»: