28/04/2017 13:26
Հաշվի առնելով Ադրբեջանի իրարամերժ մոտեցումները՝ հեռավոր ապագայում նույնիսկ չի էլ նշմարվում, թե հարցի կարգավորումն ինչպես է լինելու. Բաբայան
Պաշտոնական Ստեփանակերտը արժևորում է ցանկացած հանդիպում, որը տեղի է ունենում հակամարտող կողմերի միջև։
Aysor.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով Մոսկվայում այսօր կայանալիք եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունենալու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, ասաց, թե բոլոր հանդիպումները չպետք է դիտարկվեն լոկ հակամարտության համապարփակ կարգավորման տեսանկյունից, քանի որ, ըստ նրա, այս գործընթացը շատ երկարատև է և տեսանելի ապագայում ինչ-որ ձևով հնարավոր չէ նույնիսկ կանխատեսել։
«Հանդիպման մյուս կարևոր ուղղությունը խաղաղության և կայունության պահպանումն է տարածաշրջանում, կողմերի միջև ինչ-որ հարաբերությունների, ինչ-որ կոնտակտների պահպանումն է։ Այս տեսանկյունից այդպիսի հանդիպումները կարևոր են, քանի որ նմանատիպ հանդիպումների ժամանակ, նախևառաջ, կողմերի միջև կրկին շփումներ են տեղի ունենում», - ասաց Դավիթ Բաբայանը։
Նա հավելեց, թե բացի վերոնշյալից, գերտերությունները, տվյալ դեպքում նաև համանախագահող երկրները, իրենց կարծիքն են հայտնում և նորից արժևորում են խաղաղ կարգավորման ճանապարհը։
Միևնույն ժամանակ Դավիթ Բաբայանն ասաց, որ այս պահի դրությամբ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, իրարամերժ մոտեցումները՝ հեռավոր ապագայում նույնիսկ չի էլ նշմարվում, թե հարցի կարգավորումն ինչպես է լինելու։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով: