28/04/2017 09:41
Թատերական ներկայացման չեք մասնակցում. ՍԴ նախագահի արձագանքը՝ Լևոն Զուրաբյանի եզրափակիչ ելույթին (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննության ժամանակ իր եզրափակիչ ելույթում դաշինքի ներկայացուցիչ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՍԴ-ի եռօրյա լսումները չափազանց կարևոր որակեց:
Նրա խոսքով՝ դրանք միտված էին բացահայտելու ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների կողմից ընտրությունների ժամանակ կատարված իրողությունները:
«Դատական քննության ընթացքում ապացուցվել է ՀՀԿ-ի կողմից պետական իշխանության լծակների և վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործումը, որը կրել է համատարած բնույթ և ազդել ընտրությունների վրա»:
Իր ելույթում Լ. Զուրաբյանը մեղադրեց ԿԸՀ-ին և դատախազությանը՝ պնդելով, որ նրանք ընտրախախտումների և ընտրակեղծարարությունների մի շարք դեպքեր են պարտակել: Զուրաբյանն ընդգծեց, որ, ՔՕ 154.2 հոդվածի համաձայն, ընտրակաշառքի մասին խոստումը ևս քրեորեն պատժելի է, մինչդեռ ԿԸՀ-ն արձանագրած դեպքերը դատախազություն չի ուղարկել:
Լ. Զուրաբյանը նաև կասկած հայտնեց առ այն, որ ԿԸՀ-ն բացատրություններ է ստացել դպրոցի տնօրեններից և մանկապարտեզների վարիչներից. «Տիգրան Մուկուչյանը չի կարող այդ հարցերին պատասխանել և հրաժարվում է տնօրեններից բացատրություն վերցված մարդկանց անուններն ասել, որովհետև ԿԸՀ-ն վարույթ չի իրականացրել և բացատրություն չի վերցրել նրանցից: Մուկուչյանն ակնհայտ ստում է և պարտակում իրողությունը», - նշեց նա:
Եզրափակելով խոսքը՝ Լ. Զուրաբյանը նշեց, որ վստահ է` ՍԴ-ն չի բավարարի դաշինքի հայցը, ոչ թե փաստերի անբավարար լինելու պատճառով, այլ որովհետև կոչված է սպասարկելու Հանրապետականի շահերը:
Զուրաբյանի խոսքից հետո դահլիճում ծափեր հնչեցին, իսկ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդգծեց. «Թատերական ներկայացման չեք մասնակցում»: Ինչին Լ. Զուրաբյանն արձագանքեց. «Ես այս ֆարսին մասնակցելու որևէ ցանկություն չունեմ»: