28/04/2017 15:47
Երևանում լաչառությունը միշտ չհարգված պահվածք է եղել. Լևոն Իգիթյանը՝ Փաշինյանի քարոզարշավի մասին
Երևանի ավագանու ընտրությունների և առաջադրված քաղաքական ուժերի ու նախընտրական քարոզարշավի մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի ավագանու անդամի թեկնածու, ճարտարապետ Լևոն Իգիթյանի հետ:
- Պարոն Իգիթյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքը ընդհանուր առմամբ:
- Այն, ինչ ես եմ տեսնում ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ, թույլ է տալիս ասել, որ մեր հանդիպումները շատ ջերմ ու մարդամոտ են անցնում: Ելույթներից հետո մարդկանց հետ շփվում եմ, շատ բաներ կա, որ գրի եմ առնում, հետո այդ հարցերը բարձրացնում եմ, և ոչ միայն ես: Հիմնականում զգում եմ, որ ժողովրդի պահանջները մեծամասամբ արդար են: Ինձ դուր է գալիս ընթացքը:
- Ինչո՞ւ որոշեցիք նորից առաջադրվել: Ի՞նչ խնդիրներ կան քաղաքում, ինչպե՞ս եք դրանք լուծելու:
- Հիմնականում մարդիկ բարեկարգման մասին են խոսում, ճանապարհների, վերելակների և տրանսպորտի մասին: Ես քաջատեղյակ եմ, որ տրանսպորտի նոր ծրագիրը մշակվում է միջազգային կազմակերպությունների հետ և մոտակա երկու, մաքսիմում երեք տարվա ընթացքում Երևանի տրանսպորտի հարցը բացարձակապես լուծված է լինելու: Դա կարող եմ համարձակ հայտարարել:
- Կխնդրեի գնահատել քարոզարշավի ընթացքում Հանրապետական կուսակցության դիրքերը:
- Եթե ես այդ կուսակցության կողմից եմ հրավիրված, ո՞նց պիտի գնահատեմ՝ փայլուն: Համենայն դեպս, մեր հարաբերությունները այս գործի հետ կապված շատ լավն են, կուսակցության պահվածքը շատ զուսպ է:
- Ինչպե՞ս եք գնահատում ձեր մրցակիցների գործողությունները քարոզարշավի ընթացքում՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի:
- Գիտեք, Երևանում լաչառությունը միշտ չհարգված պահվածք է եղել: Ու քաղաքականությունը բացարձակ կապ չունի դրա հետ: Ղժժալը, մարդկանց անհարկի վիրավորելը համարում եմ չկայացած մարդու ոչ տղամարդկային կեցվածք: Երևանը ղեկավարելու ամբիցիա ունեցող մարդը նախ պիտի կարողանա ինքն իրեն կառավարի, տիրապետի, արժանապատիվ հանդես գա: Կարեն Դեմիրճյանն էլ էր ընդդիմություն, Վազգեն Մանուկյանն էլ: Դե եկեք ու համեմատեք: Երևանը ղզիկ դրսևորումներ մերժող քաղաք է: