28/04/2017 20:23
Լեհաստանը վրդովված է Վարշավայի դեմ պատժամիջոցների մասին Մակրոնի հայտարարությունից
Լեհաստանի կառավարությունը քննադատել է «Հառաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի հայտարարությունները հանրապետության մասին, որն ընտրողներին խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում հասնել այն բանին, որ Եվրամիությունը տնտեսական պատժամիջոցներ սահմանի Լեհաստանի դեմ, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք համաձայն չենք, որ Լեհաստանն այդ կերպ օգտագործվի ընտրարշավում», - նշել է կառավարության մամուլի քարտուղար Ռաֆալ Բոխենեկը: «Այդ խոսքերը ցույց են տալիս, որ ԵՄ-ում կենդանի են հովանավորական միտումները, որոնք բացասաբար են ազդում ազատ շուկայի զարգացման վրա և հակասում են ԵՄ-ի արժեքներին», - նշել է նա:
Ապրիլի 27-ին ֆրանսիական La Voix du Nord տարածաշրջանային թերթի ինտերնետ կայքում հրապարակված հարցազրույցում Մակրոնը պատասխանել է Ամիեն քաղաքում Միացյալ Նահանգների Whirpool ընկերության խոշոր գործարանի առաջիկա փակման վերաբերյալ հարցին, որի գործունեությունը կփոխադրվի Լեհաստան, որտեղ ավելի ցածր է աշխատավարձերի և հարկերի մակարդակը: Ապրիլի 26-ին թեկնածուն այցելել է այդ ձեռնարկություն և զրուցել բանվորների հետ:
«Ինչ վերաբերում է Whirpool ընկերության տվյալ թեմային, խոստանում եմ, որ իշխանության գլուխ անցնելուց հետո առաջին երեք ամսում ես պատժամիջոցների կհասնեմ Լեհաստանի դեմ: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ տալիս այս խոստումը», - ասել է թեկնածուն: