28/04/2017 10:21
Միքայել Հասրաթյան.Երևանցու կերպարը չկա, որ պահպանում է մայրաքաղաքի դեմքն ու դիմագիծը. ՉԻ
«Չորրորդ իշխանության» զրուցել է վերջերս Սիրահարների այգում բացված «Սիրո միություն» արձանի ճարտարապետ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը Միքայել Հասրաթյանի հետ:
- Դուք ժամանակին զբաղեցրել եք Երևանի ճարտարապետի պաշտոնը, ըստ Ձեզ, ի՞նչ փոփոխություններ է կրել մայրաքաղաք Երևանը։
- Կյանքը շարունակվում է։ Խնդիրներ կան բնակաֆոնդի հետ, որը պետք է նորացվի, բայց Երևանի հիմնական խնդիրները երևանցիներն են, որովհետև Երևանը կայացած քաղաք չէ։ Երևանում միգրացիոն պրոցեսները շարունակվում են, իսկ քաղաքացին որպես այդպիսին չի ձևավորվել։
-Ըստ Ձեզ՝ վերջին հինգ տարիներին ի՞նչ զարգացումներ են նկատվում մայրաքաղաքում։
- Երևանում բազմաթիվ դրական քայլեր են կատարվել՝ բարեկարգման աշխատանքներ, այգիների տնկում, մանկական խաղահրապարակներ են տեղադրվել, նոր ճանապարհեն են կառուցվել, իրականացվում են ծառատունկի ու կանաչապատման աշխատանքներ, իսկ ամբողջ քաղաքը ծաղիկներով է ողողված։
- Բազմիցս խոսվում է Երևանի դիմագիծը աղճատելու մասին, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Երևանի քաղաքապետարանը քաղաքի ճարտարապետական տեսքը անաղարտ պահելու համար։
- Երևանը մի քանի հազար տարվա քաղաք է։ Երևանի տարածքում կան հին բնակավայրեր՝ Էրեբունի, Շենգավիթ, Կարմիր բլուրը, բայց ափսոսանքով պետք է արձանագրենք, որ առ այսօր երևանցու կերպարը ձևավորված չէ։ Այսօր սակավաթիվ է այն մարդկանց քանակը, ում պապերը ծնվել են այս քաղաքում և ում հիշողությունները կապված են հենց Երևանի հետ։ Երևանցու կերպարը չկա, որ պահպանում է մայրաքաղաքի դեմքն ու դիմագիծը, որը ի սրտե հոգում է քաղաքի համար։ Միգրացիոն պրոցեսների դեպքում այն, ինչ-որ թանկ է մեկի համար, մյուսի համար արժեք չի ներկայացնում։ Բիզնեսը զարգանում է, մարդիկ ներդրումներ են անում, ինչ-որ բան են ուզում փոխել, մեկի համար լավ է, մյուսի համար վատ է, արժեքների կոնֆլիկտ կա։ Դրա համար այս պրոցեսը կարելի է ուղղորդել, բայց հնարավոր չէ կազմակերպել, որ մի ուղղությամբ գնա, սա կարծում եմ ժամանակի մեջ լուծվող խնդիր է։