28/04/2017 16:06
Հայաստանում էր ՌԴ ՊՆ պատվիրակությունը` Հարավային ռազմական շրջանի հրամանատարի գլխավորությամբ
Ապրիլի 26-ից 28-ը Հայաստանում էր ՌԴ ՊՆ պատվիրակությունը` ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորությամբ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
Աշխատանքային այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովն եղել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում և Երևանում տեղակայված ռազմաավիացիոն կայանում:
Ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (Զ(ու)ՄԽ) դերն ու նշանակությունը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ Զ(ու)ՄԽ ստորաբաժանումների հետ ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք «Փոխգործակցություն» և Ռուսաստանում ու Հայաստանում նախատեսված «Որոնում» համատեղ զորավարժությունների նախապատրաստման ու անցկացման հետ կապված, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ: