28/04/2017 11:19
ՍԴ-ն հայցվոր կողմից ապացուցման չափազանց բարձր ստանդարտ է պահանջում. Վահե Գրիգորյան
ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ դաշինքի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը նշեց, որ համաձայն չէ այն պնդման հետ, թե հայցվոր կողմը դատարանի նվազագույն պահանջները չի բավարարել:
«Սա ապացուցման չափազանց բարձր ստանդարտ է: Միայն այն փաստը, որ 20 տարի որևէ դիմող իր ջանքերի առավելագույն գործադրմամբ երբեք չի կարողացել ձեր այդ ստանդարտի նույնիսկ նվազագույնը բավարարել, դա առնվազն պիտի դատարանին հուշի, որ դա եղել է առնվազն չափազանց բարձր ստանդարտ», - ասաց նա:
Վերջինս նաև հայտարարեց, որ թեև ՀՀ-ն երկիր մոլորակի վրա գտնվող այն պետություններից է, որը միապետական չէ, բայց Հանրապետական կուսակցությունն այսօր միջամտություն ունի իշխանության բոլոր ճյուղերի վրա:
«Ըստ պատասխանող կողմի՝ Հանրապետական կուսակցությունը վերահսկում է հանրապետության օրենսդիր մարմինը: Ես չեմ խոսում որևէ հանցավոր կամ ապօրինի սխեմայի մասին: Այն ունի բավարար մանդատներ, որ կանխորոշի այդ մարմինի բոլոր գործողությունները: Նույն կուսակցությունը բոլորովին օրինական հիմքերով, պատասխանողի պնդմամբ, վերահսկում է նաև գործադիր իշխանությունը վերից վար», - ասաց նա:
Պաշտպանի խոսքով՝ նույն կուսակցությունը վերահսկելու է նաև նախագահի` լայն իրավասություններով օժտված ինստիտուտը:
Գրիգորյանն ընդգծեց, որ հատկապես շոշափելի է ՀՀԿ-ի ազդեցությունը դատական համակարգի վրա. «Միակուսակցական ամբողջատիրության դիակը վաղուց բախում է այս դատարանի դռները, կա՛մ դուք նրան ցույց եք տալու իր տեղը, կա՛մ դուք սպասելու եք, որ նա վերակենդանացած ձեզ ցույց տա այդ տեղը»: