28/04/2017 19:33
Ադրբեջանը պիտի համաձայնվի շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծմանը. Սերգեյ Մինասյան
Հայկական կողմը շատ լավ հասկանում է, որ շփման գծում վստահության մեխանիզմների ներդրումից հետո միայն կարող է դաշտ ստեղծվել հետագա քաղաքական պայմանավորվածությունների վերաբերյալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով այսօր Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում արտգործնախարարները հայտարարել են, որ իրենք կարևորում են Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումների արդյունքների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Ադրբեջանը փորձում է խուսափել այն շեշտադրումից, որ այդ գագաթաժողովների արդյունքները պիտի կատարվեն: Բայց այստեղ շեշտը դրվում է նրա վրա, որ առաջին հերթին Ադրբեջանը, որը նեղվում է ընդունել այդ միջոցառումնները, պիտի համաձայնվի շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծմանը, դեսպան Կասպրշիկի միսիայի ընդլայմանը և այլն», - նշեց քաղաքագետը:
Մինասյանը նաև կարևորեց այն հանգամանքը, որ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց միացան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչը թույլ է տալիս հանդիպումը դիտարկել նաև Մինսկի խմբի ձևաչափում:
«Այստեղ հերթական անգամ Հայաստանի և համանախագահների դիրքորոշումները համընկան այն տեսանկյունից, որ նրանք առաջին հերթին ուշադրություն են դարձնում շփման գծում մեխանիզմների ներդրման իրականացմանը», - հավելեց Ս. Մինասյանը: