28/04/2017 14:45
Այնքան եմ ափսոսում, որ նման հարված չեմ հասցրել. Փաստաբանի դիմածնոտային կոտրվածքի մեղավորը Տիգրան Աթանեսյանը չէ
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին խորհուրդ է տալիս հեռու մնալ իրենից։
Aysor.am-ի դիտարկմանը՝ Արա Զոհրաբյանը փորձելու է հաշտեցնել երեկ ծեծկռտուքի միջադեպի բոլոր մասնակիցներին, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Արա Զոհրաբյանին խորհուրդ կտամ հեռու մնա ինձնից»։
Երեկ փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր միջադեպի մասնակից Սիմոն Բաբայանն ասաց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել , որպեսզի գործը ոստիկանությունից տեղափոխվի Քննչական կոմիտե, որ «օբյեկտիվ քննություն ընթանա, քանի որ Տիգրան Աթանեսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանն է»։
Aysor.am-ի թղթակիցն այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց Տիգրան Աթանեսյանից, ով պատասխանեց. «Սիմոն Բաբայանն այնքան անգրագետ է, որ դեռ չգիտի՝ ոստիկանությունը նախաքննական մարմին չէ, ու գործն՝անկախ ամեն ինչից, քննվելու է Քննչական կոմիտեում, բայց ասեմ, որ ես շատ հպարտ եմ, որ պարոն Գասպարյանի փաստաբանն եմ»։
Տիգրան Աթանեսյանն անդրադարձավ նաև Սիմոն Բաբայանի այն հայտարարությանը, որ երեկվա միջադեպի հետևանքով դիմածնոտային կոտրվածք է ստացել իր հետ Աթանեսյանի գրասենյակ ժամանած Արսեն Հարությունյանը։
«Ես այնքան եմ ափսոսում, որ նման հարված չեմ հասցրել, շատ կուզեի դա ճշմարտություն լիներ, ցավոք, ոչ»։
Դիտարկմանն՝ այդ դեպքում ո՞վ է նրան հարվածել, այսօր լրագրողների հետ հանդիպմաննը նա վնասվածքով էր, փաստաբանը պատասխանեց. «Չգիտեմ, ցավոք սրտի, ես չեմ հարվածել»։
Երեկ, հիշեցնենք, միջադեպ էր տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի, Արմեն Սողոմոնյանի, Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի ու Գևորգ Մկրտչյանի միջև։
Այսօր կարգապահական վարույթներ են հարուցվել նշված միջադեպի բոլոր մասնակիցների նկատմամբ։
Փաստաբանների պալատի նախագահը վստահեցրել է, որ բոլոր մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։