29/04/2017 11:53
ԱԱԳ-ն ստիպված է դադարեցնել լրտեսական ծրագրերից մեկը
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը, որը զբաղվում է էլեկտրոնային լրտեսությամբ, մտադիր է դադարեցնել տեղեկություններ հավաքելու ծրագրերից մեկը՝ դեպի արտերկրներ ու այնտեղից ամերիկացիների կողմից էլեկտրոնային հաղորդագրությունների գաղտնալսումը, որոնցում հիշատակվում են ամերիկյան հատուկ ծառայությունների մոտ կասկած առաջացնող անձինք։ Այս մասին հայտնում է The New York Times–ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, փոխանցում է ТАСС-ը:
Նման ծրագրի գոյության մասին թերթին հայտնի էր դարձել 2013 թվականին։ ԱԱԳ ներկայացուցիչները վստահեցնում էին, որ այդ ծրագիրը միանգամայն օրինական է, քանի որ հնարավորություն է տալիս բացահայտել ահաբեկչությանը, լրտեսությանն ու այլ հանցագործություններին առնչություն ունեցող մարդկանց։ Սակայն իրավապաշտպանները պնդում էին, որ ԱԱԳ-ն այդ պատրվակով չափից շատ տեղեկություններ է հավաքում ամերիկացիների մասնավոր կյանքի մասին։
Սկզբում ամերիկյան դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ տեղեկությունների մեծ քանակության հավաքումը հակասում է ԱՄՆ սահմանադրության չորրորդ փոփոխությանը, որն արգելում է անհիմն խուզարկումները, իսկ հետո, ըստ պարբերականի, դադարեցրել է հետախուզական տեղեկությունների հավաքման ծրագրերի իրականացման համար թույլատվության տրամադրումը քանի դեռ ԱԱԳ-ն չի փոխել ստեղծված պրակտիկան: