29/04/2017 10:25
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (Լուսանկարներ, տեսանյութ)
«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն իր ակումբակիցների ու թիմի աշխատակիցների համար կազմակերպել է «Խոստումը» (The Promise) Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի փակ դիտում:
Ֆիլմի ավարտից հետո Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը ելույթով է հանդես եկել՝ ընդգծելով, որ Ցեղասպանության մասին բոլորն են լսել ու ինչ-որ բան կարդացել, բայց «Խոստում» ֆիլմը հնարավորություն է, որ բոլորը տեսնեն իրականությունը:
«Ամեն մի հայի պարտքն է խոսել այդ մասին: Մեր պարտքն է մյուս մարդկանց պատմել մեր պատմության մասին: Մենք, պարզապես, արևելաեվրոպական փոքրիկ պետություն չենք: Սա մի ազգ է, որը վերապրել է ցեղասպանությունը: Հաղթում ես՝ ողջ մնալով ու պատմելով մյուսներին: Հիանալի է, որ այստեղ տեսնում եմ իմ ընկերներից ու թիմակիցներից շատերին, ովքեր եկել են ինչ-որ նոր բան իմանալու: Երբ մարդիկ տեղեկանում են այս մասին, նրանք ավելի շատ բան են իմանում հայերի մասին», - նշել է Յուրա Մովսիսյանը։
Մովսիսյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց աշխարհի կեսը դեռ չի ճանաչել այն։
«Անցել է 102 տարի, սակայն աշխարհի կեսը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչի համար մենք շարունակում ենք պայքարել: Ինքս միշտ պայքարել եմ այն ամենի համար, ինչին հասել եմ իմ կյանքում: Մենք պարզապես չենք շարժվում առաջ, մենք կռվում ենք: Ես միշտ կռվում եմ, որպեսզի իմ կյանքում հասնեմ նոր մակարդակի, որին նախկինում չէի հասել: Ես շատ բան չունեմ, բայց դարձել եմ պրոֆեսիոնալ մի երկրում, որտեղ 300 միլիոն մարդ է ապրում: Բացի պրոֆեսիոնալ դառնալուց՝ ուրիշ ոչ մի այլ նպատակ չունեի: Սա պայքարողի ոգին է, որը մեր մեջ կա: Ուրիշ ոչինչ մեզ չի տրվել: Ամեն ինչ, որ անում ենք, դժվարությամբ է տրվում», - ասել է հայ ֆուտբոլիստը։