29/04/2017 15:21
Տուսկը ԵՄ երկրներին միասնականության կոչ է արել Brexit-ի մասին Լոնդոնի հետ բանակցություններն ավարտին հասցնելու համար
ԵՄ-ի 27 անդամ պետությունները պետք է միասնականություն պահպանեն, որպեսզի ավարտեն միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցությունները։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ Բրեքսիթի մասին ԵՄ արտակարգ նիստի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք պետք է համերաշխ լինենք 27 երկրներով, միայն այդ դեպքում կկարողանանք ավարտել բանակցությունները։ Դա նշանակում է, որ մեր միասնականությունը նաև Մեծ Բրիտանիայի շահերից է», - ասել է նա՝ նշելով, որ զգում է կատարյալ աջակցություն թե ԵՄ բոլոր կառույցների, թե միության 27 երկրների առաջնորդների կողմից։ «Ես վստահ եմ, որ դա չի փոխվի», - հավելել է Տուսկը։
Նա շեշտել է, որ բանակցությունների ժամանակ երկու կողմերի համար առաջնություն է լինելու երաշխիքների ապահովումը այն ընտանիքների համար, որոնք կտուժեն Բրեքսիթից։ «Դա թիվ մեկ առաջնայնություն է թե մեզ, թե Մեծ Բրիտանիայի համար», - նշել է Եվրախորհրդի ղեկավարը։
ԵՄ 27 երկրների ու կառավարությունների ղեկավարները Բրյուսելում անցկացնում են առաջին պաշտոնական գագաթաժողովը առանց Մեծ Բրիտանիայի։ Արտահերթ հանդիպումը Տուսկը գումարել էր մարտի 29-ից անմիջապես հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելին տեղեկացրել է ԵՄ-ն լքելու երկրի մտադրության մասին։ Ապրիլի 29-ին ԵՄ առաջնորդներն ակնկալվում է, որ կհաստատեն միության ռազմավարությունը՝ Բրեքսիթի մասին բանակցություններ սկսելու համար։