29/04/2017 10:11
Դավթաշենում ծառեր հատելու համար կալանավորված Սամսոնյանն ազատ է արձակվել
Դավթաշենում ծառեր ապօրինի հատելու համար կալանավորված Ալեքսան Սամսոնյանն ազատ է արձակվել, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Սամսոնյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Իմ պաշտպանյալը երեկ ազատ է արձակվել, և այժմ տանն է, իր հարազատների մոտ», - փոխանցեց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությանը բողոք էին ներկայացրել խափանման միջոցը փոխելու մասին, և բողոքը բավարարվել է։ «Իմ պաշտպանյալի խափանման միջոցը փոխվել է և ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին», - ասաց նա։
Նշենք, որ քրեական գործի համար հիմք էր եղել Երևանի քաղաքապետարանի բնապահպանական ծառայությունների եզրակացությունը, որի համաձայն 29 ծառի հատման հետևանքով պատճառված վնասը կազմում է 2 մլն դրամից ավելի: Դատախազությունը այս եզրակացությունը հիմք էր ընդունել և քրեական գործ հարուցելու ցուցում տվել։
Բացի այդ, քրեական գործի շրջանակում նշանակվել է նաև փորձաքննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն: