29/04/2017 12:30
Ցրտահարության հետևանքով Տավուշի մարզի Դեղձավանում և Պտղավանում վնասվել են դեղձի և արքայանարինջի ծառերը, նաև՝ կարտոֆիլը
Երկու օր առաջ Հայաստանում գիշերը գրանցվեց ցրտահարություն: Տավուշի մարզի Դեղձավան համայնքի ղեկավար Յուրիկ Հովհաննիսյանից Aysor.am-ը հետաքրքրվել է, թե ի՞նչ չափի է եղել վնասը:
«Մանրամասները դեռ չեմ կարող ասել, դեռ պետք է պարզել, սակայն մասնակի վնասվել են դեղձի, «կոռոլյոկի» (արքայանարինջ - հեղ.) ծառերը և կարտոֆիլը: Հեկտարով չեմ կարող ասել, բայց 10-15%-ի չափով է վնասը եղել», - նշեց համայքնի ղեկավարը:
Եղանակը մարզում արդեն պարզ է ու ցրտահարության դեպք այլևս չի գրանցվել:
Տավուշի մարզի Պտղավան համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանն էլ ասաց, որ մարզում ցրտահարությունը բանջարանա-բոստանային կուլտուրայից է կախված: Կուլտուրա կա, որ արդեն ցոգոլա ունեցել, կուլտուրա կա, որ ծաղիկի մեջ է եղել: Ծաղիկի մեջ եղած բույսերը սևացել են ցրտահարվելուց: Կան կուլտուրաներ, որ մի քանի օր պետք է անցնի, որպեսզի այդ ցոգոլները թափվեն,և դրանից պարզ կդառնա վնասի չափը», - նշեց Պտղավան համայնքի ղեկավար:
Նրա խոսքով՝ գրեթե 100%-ով վնասվել է կարտոֆիլը, նաև տուժել են արքայանարինջը, դեղձը և սալորը:
«Ցրտահարությունից ամենից շատ տուժել են այն բանջարանա-բոստանային կուլտուրաները, որոնք գտնվել են ավելի ցածր վայրերում, փոսերում», - ասաց նա:
Հարցին՝ բերք, այնուամենայնիվ, կլինի՞, համայնքի ղեկավարն ասաց, որ վնասը եղել է մեծ, իսկ բերք ստանալու համար հողագործները պետք է վնասված բերքը պարարտացնեն, սրսկեն, հետևեն, որպեսզի գոնե ինչ-որ չափով բերք ստանան:
Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանն էլ ասաց, որ իրենք համեմատաբար քիչ քանակությամբ վնաս են կրել, վնասվել են հիմնականում արքայանարնջի ծառերը և կարտոֆիլը, քանի որ իրենց մոտ, ի տարբերություն մարզի այլ համայնքների, ցրտահարությունն ավելի մեղմ է եղել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված: