03/05/2017 16:14
Մեր ստորագրած փաստաթղթում «ես հրաժարվում եմ մանդատից» ձևակերպում չի եղել. Բագրատյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանը չի կարծում, թե առանց իրենց իմացության ինքնաբացարկի դիմումներ ներկայացանելը դաշինքի ներսում ճգնաժամի մասին է խոսում:
«Սա խոսում է պետության կայացման ընթացքի մասին: Այսինքն՝ որ մարդիկ համարձակորեն պաշտպանում են իրենց քվեն: Ժողովրդի կողմից ստացված քվեն չի կարելի մատնել անուշադրության, և ոչ ոք այդ իրավունքը չունի: Եթե քվեն ստացել ես, մինչև վերջ պետք է պաշտպանես այն», - այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սերգեյ Բագրատյանը:
Նա հստակեցրեց, որ ինքը և մյուսները ստորագրել են մի փաստաթղթի տակ, որը ենթադրում է ինքնաբացարկ մինչև ընտրությունները՝ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակից: Բայց, նրա խոսքով, դա գործում է մինչև ընտրությունների օրը, իսկ արդեն ընտրություններից հետո այլ իրավիճակ է:
«Մեր ստորագրած փաստաթղթում «ես հրաժարվում եմ մանդատից» ձևակերպում չի եղել», - նշեց Բագրատյանը:
Հարցին, թե եթե ինքը մտնի Ազգային ժողով, կաշխատի՞ «Բարգավաճ Հայաստան»-ի մնացած պատգամավորների հետ, Բագրատյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»:
Նա ասաց, որ երեկ մամուլից է իմացել, որ ինքն ինքնաբացարկ է հայտնել և խորապես վիրավորված է իր նկատմամբ կատարվածից:
Բագրատյանն ասաց, որ վստահ չի, որ Ծառուկյանն է այդ ամենի հեղինակը: