04/05/2017 14:09
Տարեկան միջինը մոտ 30 հազար մարդ լքում է Հայաստանը. ՀՀ միգրացիոն ծառայության պետ
Տարեկան միջինը մոտ 30 հազար մարդ թողնում է Հայաստանը, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
«Եթե խոսենք արտագաղթի մասին, ապա 1992-94 թվականները մենք անվանում ենք զանգվածային արտագաղթի տարիներ, 1995-2001 թվականներին դեռևս բարձր էին արտագաղթի ծավալները՝ ունեցանք շուրջ 250 հազարի հասնող բնակչության կորուստ, իսկ 2002-ից մինչև այս ժամանակահատվածը գրեթե նույն տարեկան մակարդակի վրա է արտագաղթը՝ մինչև 29-30 հազար», - նշեց Գ. Եգանյանը։
Հարցին՝ քննարկվում է՝ ի՞նչ պետք է անել, որ մարդիկ չթողնեն Հայաստանն ու չգնան, Հայաստանի Միգրացիոն ծառայության պետը նշեց, թե պայքարել արտագաղթի դեմ, նշանակում է պայքարել այդ երևույթը առաջացնող պայմանների պատճառների դեմ։
Նա ընդգծեց, որ, ըստ հետազոտությունների, արտագաղթի առաջին հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական դաշտում է գտնվում։
«Հետազոտությունները ֆիքսում են, թե ինչ պատճառներով են մարդիկ արտագաղթում՝ աշխատատեղի բացակայություն, ցածր աշխատավարձ, բիզնեսով զբաղվելու դժվարություններ, հեռանկարի բացակայություն, արդարության բացակայություն», -մանրամասնեց Գ. Եգանյանը։
Նա նշեց. «Եթե ուզում ենք այս երևույթի ծավալները փոքրանա, ուրեմն պետք է այս պատճառները վերացնենք։ Իսկ դրան է միտված կառավարության ողջ գործունեությունը, դա այնպիսի հարց չէ, որ մեկ տարվա մեջ կատարվի»։