04/05/2017 17:17
Հնգյակից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը երեկ և այսօր շրջայց է կատարել այն բժկական կենտրոններով, որտեղ գտնվում են նախօրեին ծնված հինգ երեխաները:
«Երեխաների վիճակը գնահատում եմ կայուն: «Մուրացանում» գնտվող երեխաների մոտ վատացում չի նկատվել՝ չնայած նրան, որ այնտեղի երեխաները ծանր են, սակայն վիճակի վատացում չլինելն արդեն իսկ հաղթանակ է: Իսկ «Էրեբունի» ԲԿ-ում գտնվող երեխայի մոտ որոշ դրական նախանշաններ կան», - Aysor.am թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ դեռ երեխաները արհեստական շնչառական սարքի միջոցո՞վ են շնչում, նա ասաց, որ բոլոր երեխաները դեռ 10 օր շարունակելու են շնչել այդ ապարատներով:
«Ապարատները տարբեր են. կա կոկորդի մեջ դրվող և կա քթից միացվող: Օրինակ, երեխաներից մեկի մոտ արդեն քթից է դրված, առանց որի երեխան շնչել չի կարողանա, մի 5-6 օր պետք է դեռ միացված լինի, որ հետո ինքնուրույն կարողանա շնչել, որպեսզի մի քիչ մկանը հավաքվի», - բացատրեց մասնագետը:
Նրա խոսքով՝ նման վիճակը նորմալ է, երբ երեխաները ծնվում են փոքր քաշով:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանն էլ իր հերթին ասաց, որ իրենց մոտ գտնվող 820 գրամ քաշով աղջիկ երեխայի վիճակը կայուն ծանր է:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մասնագետների գնահատմամբ` երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր։ Մասնագետները գտնում են, որ խորը անհասության պարագայում վիճակի զարգացումների հետագա ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անել դեռևս վաղ է: