11/05/2017 13:50
«ՀՀԿ-ն կարողացել է բոլոր խոստումներն իրականացնել». 150 ՀԿ կսատարի Տարոն Մարգարյանին
Թվով 150 հասարակական կազմակերպություն այսօր հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ Երևանի ավագանու ընտրություններում սատարելու են ՀՀԿ-ի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
«Մենք, որպես երևանցի, մարդիկ, որոնք մտահոգ են Երևանի ճակատագրով և, որոնք ուզում են սատարած լինեն այն բոլոր ծրագրերին, որոնք նպաստ են բերում Երևանի զարգացմանը, այդ ակտիվ քաղաքացիներով, հասարակական կազմակերպություններով հավաքվեցինք ու որոշեցինք ստեղծել մի նախաձեռնություն, որը կպաշտպանի ՀՀԿ ավագանու թիմին՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ», -լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի հասարակական կազմակերպությունների հարցերով ենթահանձանժողովի նախագահ Էդգար Հակոբյանը։
Նա նշեց, որ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ստեղծված թիմը ամենօրյա իր աշխատանքով, իր նվիրվածությամբ Երևանը դարձրել են ծաղկուն քաղաք։
«Իհարկե, Երևանում կան բազմաթիվ խնդիրներ և հնարավոր չէ հինգ կամ չորս տարում այդ խնդիրները լուծել, բայց այն նվիրումը, որը դրսևորում է Տարոն Մարգարյանն ու իր թիմը, մեզ լիահույս է դարձնում, որ ընտրվելու պարագայում Երևանի վերընթաց զարգացումը կշարունակվի», ճ ասաց Է. Հակոբյանը:
ՀՀԿ մամուլի խոսնակ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց 150 ՀԿ-ների ներկայացուցիչներին ավագանու ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու համար։
«Սա մեծ վստահության պաշար է, հավատացեք, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը հինգ տարի անց էլ ավելի մեծ վճռականությամբ գնա ՀՀԿ-ի ու նախագահ Սերժ Սարգսյանի հետևից», - ասաց Է. Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակի խոսքով՝ դիսկուրս կա քաղաքական դաշտում՝ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքայի՞ն, թե՞ քաղաքական ընտրություններ են։
«Պետք է ասեմ, որ սա և քաղաքային, և քաղաքական ընտրություն է, քաղաքական, որովհետև Երևանը ավելին է, քան ընդամենը համայնք, Երևանը մեր սրտի մայրաքաղաքն է, Երևանում են միաձուլվում Լոս Անջելեսից, Վաշինգտոնից, Սիդնեյից ու Բեյրութից եկած հայերի սրտերը», - նշեց ՀՀԿ շտաբի պետը։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ այո, Երևանում կան թերություններ, կան խնդիրներ, «բայց մեր սիրելի քաղաքապետի գլխավորությամբ, ՀՀԿ-ի պրոֆեսիոնալ թիմի մասնակցությամբ մենք կարողացել ենք հիմնականում մեր բոլոր խոստումներն իրականացնել, և սա է այն վստահությունը, որի համար, խնդրում եմ, մայիսի 14-ին միահամուռ կերպով ընտրել հանուն հոգևորր, ուժեղ, համերաշխ Երևանի»։