14/05/2017 13:31
Հնգյակից տղան մահացել է
Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից տղան այսօր մահացել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Երեխան մահացել է անհասության հետևանքով: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր և շնչում էր միայն արհեստական շնչառությամբ», -փոխանցեց Ա. Հայթայանը:
Նշենք, որ մայիսի 3-ին հնգյակ ծննդաբերած 23-ամյա Լուսինե Պողոսյանի հղիության ընթացքը վարել էին «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները:
Երեխաների ծնունդից հետո մահացել էին երկու աղջիկ երեխաները:
ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը Aysor.am-ին ասել էր, որ երեխաները մահացել էին ծայրահեղ անհաստ լինելու հետևանքով, ինչը առաջացրել էր շնչառական խանգարումներ ու ներգանգային արյունազեղում:
Այժմ հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկներից մեկը գտնվում է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում, իսկ մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Մասնագետների խոսքով՝ նրանց մոտ կա կյունացման միտում: