15/05/2017 10:17
Մանդատների շուրջ լարվածությունը շարունակվում է. սպասվում է Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում խորհրդարանական ընտրություններից հետո լարված իրավիճակ է. պատգամավորական մանդատների շուրջ սկիզբ առած վեճը դեռ հանգուցալուծում չի ստացել, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները:
Առաջիկայում, սակայն, ըստ մեր աղբյուրի, սպասվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում, որի արդյունքում, հնարավոր է, մանդատների շուրջ խնդիրը լուծում ստանա:
«Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված այն պատգամավորները, որոնց անունից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկների դիմում էր ներկայացվել և որոնք հետո հրաժարվեցին այդ դիմումներից, ըստ մեր աղբյուրի, ուներ հրաժարվելու իր պատճառը:
Aysor.am-ի աղբյուրի փոխանցմամբ, Գ.Ծառուկյանը պարտադրել է հրաժարվել մանդատներից նրանց, ովքեր ֆինանսավորվել են իր կողմից, բայց չեն արդարացրել սպասումները, այսինքն՝ ակնկալված ձայների քանակ չեն բերել դաշինքին:
Միևնույն ժամանակ, խնդիրն այն է, որ նրանց շարքում կան այնպիսի թկենածուներ, ովքեր անձնական ֆինանսական միջոցներով են մտել ընտրապայքար ու ստացել ձայների ծանրակշիռ քանակ և հենց նրանք, ըստ մեր աղբյուրի, չեն ցանկանում հրաժարվել մանդատից: